Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը շնորհավորեց պարոն Յոնգին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ ընդգծեց, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Կարեւորելով համագործակցությունն օրենսդիր մարմինների միջեւ՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձավ անցած տարի կայացած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի այցին Հայաստանի Հանրապետություն: «Անկասկած, այցը նոր ազդակ հաղորդեց երկու երկրների համագործակցությանը»,-ասաց խորհրդարանի ղեկավարը: Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ համավարակի ավարտից հետո անհրաժեշտ է ակտիվացնել անձնական շփումները խորհրդարանականների եւ պատվիրակությունների միջեւ: