Վրաստանը բացեց Հայաստանի հետ Նինոծմինդա-Բավրա ցամաքային անցակետը

sahman

 Վրաստանը բացել է ցամաքային՝ Նինոծմինդա-Բավրա (Վրաստան-Հայաստան) սահմանային անցակետը։ Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Ջավախք հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը՝ վստահեցնելով, որ շուտով կլինի նաեւ պաշտոնական հայտարարություն։

«Ջավախքցիների պայքարը տվեց ցանկալի արդյունք՝ այսօրվանից բաց է լինելու Նինոծմինդա-Բավրա (Վրաստան-Հայաստան) սահմանային անցակետը, որը գործելու է ամեն օր ժամը 10:00 — 18:00-ը ընկած ժամանակահատվածում»,-ասաց նա:

Ավետիսյանի հավստամամբ՝ Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելու եւ Հայաստան մտնելու համար պետք է ունենան PCR թեստի բացասական պատասխան, որը վավեր է մինչեւ 72 ժամ:

Ավելի ուշ Վրաստանում գործող NOR.ge ռադիոկայանը եւս տեղեկություն տարածեց, որ Վրաստանի թեժ գծից հայտնել են, որ Նինոծմինդայի մաքսակետը այսօր առավոտից արդեն բաց է։ Վրաստանի քաղաքացիները արդեն կարող են մուտք գործել Հայաստան։

Հիշեցնենք՝ Վրաստանի հայաբնակ Ախալքալքի քաղաքում անցնող օրերին արդեն 2 անգամ լայնամասշտաբ բողոքի ցույցեր էին տեղի ունեցել։ Պատճառը՝ համավարակով պայմանավորված ու սահմանված սահմանափակումներն էին։ Ցույցի մասնակիցները Վրաստանի կառավարությունից պահանջում էին բացել Հայաստանի եւ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանները:

Ախալքալաքում փետրվարի 10-ին եւս նախատեսել էին հերթական բողոքի ցույցը: Փաստորեն՝ բանը դրան չհասավ։

ՀԳ

Ավելի ուշ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հաղորդագրություն տարածեց, որ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը եւ սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետեւ կարող են օգտվել նաեւ Բավրա-Նինոծմինդա անցակետից։

Դեսպանատունը միաժամանակ տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն վակցինացիայից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։

Լրացուցիչ տեղեկատվությունը ճշտվում է։

Ձեզ կհետաքրքրի...