ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

paymanavorvacutyun

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և տեղակալ Աշոտ Մուրադյանը Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հրավերով փետրվարի 10-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը: Դիտարկվել են նաև Ռուսաստանի և Հայաստանի հարկային վարչարարությունում կիրառվող առաջադեմ թվային տեխնոլոգիաների, պետության և բիզնեսի միջև թվային փոխգործակցության կառուցման շուրջ փորձի փոխանակման հնարավորությունները:

Մասնավորապես, այցի ընթացքում կողմերը փոխանակվել են ապրանքների հետագծելիության ազգային համակարգերի ստեղծման ոլորտում ՀՀ ՊԵԿ և ՌԴ հարկային ծառայության փորձով: Համակարգերը մշակվում են ԵԱՏՄ միջազգային պայմանագրի շրջանակում և կապահովեն հարկային ու մաքսային վարչարարության միասնական մեխանիզմի ստեղծումը: Համակարգերը ավտոմատացված ռեժիմով կբացահայտեն այն ապրանքները, որոնց մասով չեն վճարվել հարկային ու մաքսային վճարները, ինչպես նաև կհայտնաբերեն անբարեխիղճ հարկատուներին: Հետագծելիության մեխանիզմը հիմնված է հարկատուների միջև պարտադիր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության՝ հետագծելիության վավերապայմանները պարունակող հաշիվ-ապրանքագրերի վրա:

ՀՀ ՊԵԿ և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարները քննարկել են նաև ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրում ապրանքների շրջանառության ֆիսկալ մոնիթորինգի միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը: Նման մեխանիզմի ձևավորման նպատակներն են ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրում ապրանքների շարժի թափանցիկության և անուղղակի հարկերի վճարման ամբողջականության ապահովումը, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի ավտոմատ հաստատումը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի մասնակիցների թվային նույնականացման ներդրումը, հարկային վարչարարության կատարելագործումը՝ իրավական նշանակություն ունեցող ֆիսկալ տեղեկությունների փոխանակման միջոցով, հարկ վճարողների համար էլեկտրոնային ծառայությունների ընդլայնումը: Ֆիսկալ մոնիթորինգի համակարգի ներդրման սկզբնական փուլում Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին ներդնել և գործարկել մեխանիզմի պիլոտային ծրագիրը:

Ռուսաստանի և Հայաստանի հարկային մարմինների ղեկավարները հարկային վարչարարությունում առաջադեմ թվային տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարցերը քննարկելիս փոխանակվել են երկու կառույցներում կիրառվող ՀԴՄ-ների օգտագործման ավտոմատացված կառավարման համակարգերի զարգացման փորձով:

Հանդիպման ավարտին ՀՀ ՊԵԿ-ի և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի հարկային մարմինների միջև հետագա փոխգործակցության անհրաժեշտությունը:

Ձեզ կհետաքրքրի...