Հայաստանի դեսպանն ԱՄՆ կոնգրեսական Վալադաոյի հետ խոսել է Ադրբեջանի կողմից հայ գերիների հայրենադարձման մասին
Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 12-ին հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Դեսպան Ներսեսյանը շնորհավորել է կոնգրեսականին իր առաքելությունը որպես Ներկայացուցիչների պալատի անդամ վերսկսելու, ինչպես նաև Հայկական հարցերի կոնգրեսական հանձնախմբի համանախագահ ընտրվելու կապակցությամբ:
Դեսպանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիան, նկարագրել պատերազմին հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը:
Այդ համատեքստում Վարուժան Ներսեսյանն ընդգծել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը։
Զրուցակիցները կարևորել են ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։