Թուրքիայի ռազմագործողությունն Իրաքի հյուսիսում ավարտվել է. Հուլուսի Աքար RAZM INFO

Iraqum

 Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային Գարա շրջանում իր վերահսկողության տակ է վերցրել քրդական ապաստարան համարվող քարանձավներ, որտեղ հայտնաբերել են նախկինում գերի ընկած 13 թուրք զինծառայողների, ոստիկանների ու քաղաքացիական անձանց մարմիններ։ Այդ շրջանում Թուրքիայի ԶՈւ փետրվարի 10-ին սկսած ռազմագործողությունն ավարտվել է։

Այս մասին փետրվարի 14-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ նշելով, որ քրդական կողմից էլ 48 զինյալ է զոհվել։ Ըստ Աքարի՝ գերեվարվածները թուրքերը սպանվել են փետրվարի 10-ին սկսած գործողության սկզբին, այդ մասին իրենց հայտնել են երկու գերեվարված ու ողջ մնացած քրդերը։

Ըստ Թուրքիայի Մալաթիա նահանգի նահանգապետ Այդըն Բարուշի՝ 13 սպանվածից 10-ի ինքնություններն արդեն հայտնի են, ևս երեքը դեռ ճշտվում են։ Անուններ հայտնել է նաև Թուրքիայի ՊՆ֊ն։ Ըստ այդմ՝ հայտնի է սպանվածներից 11-ի անունը։ Դրանք են․

  • ՀՕՊ ստորաբաժանման սերժանտ Հյուսեյին Սարը;
  • Ժանդարմերիայի ենթասպա Սեմիհ Օզբեյ;
  • Ժանդարմերիայի երրորդ աստիճանի սերժանտ Ումիթ Գըջըր;
  • Ժանդարմերիայի զինծառայող, ավագ Մևլյութ Քահվեջի;
  • Ժանդամերիայի զինծառայող, շարքային Սյուլեյման Սունգուր;
  • Հրետանավոր, շարքային Մյուսլյում Ալթընթաշ;
  • Տանկիստ Ադիլ Քավաքլը;
  • Ոստիկանության ծառայող Սեդաթ Յաբալաք;
  • Ոստիկանության ծառայող Վեդաթ Քայա;
  • Քաղաքացիական Այդըն Քյոսե;
  • Քաղաքացիական Մուհամմեթ Սալիհ Քանջա։

 

Բարուշի տվյալներով՝ սպանվածների մեծ մասը կարծես թե գերի են ընկել վաղուց, դեռ 2015-16 թթ-ից։ Իրաքում ռազմագործողության մասին զեկուցելիս Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը նշել է, որ իրենք տեղեկություն են ունեցել Գարայի շրջանում դեռ 2015թ. ու դրանից առաջ գերեվարված մարդկանց պահելու մասին, ինչից հետո սկսել են գործողությունը։

Քրդական «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) պատգամավոր Օմեր Ֆարութ Գերգերլիօղլուն էլ պնդում է, որ սպանվածներից մի քանիսի հարազատներն իրեն դիմել են դեռ 2,5 տարի առաջ ու եթե խաղաղություն լիներ, ապա այդ մարդիկ ողջ կմնային։

 

Միջազգային Reuters լրատվական գործակալությանն էլ թուրքական անվտանգության ծառայության անանուն բարձրաստիճան սպան ասել է, որ գերեվարվածների թվում են եղել նաև Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) աշխատակիցներ։

Միաժամանակ, քրդական ANF News լրատվական գործակալությունը տեսանյութ ու կադրեր է հրապարակել [1]՝ հղում անելով առցանց քրդական հարթակ GerîlaTV-ին, որտեղ պնդում են, որ թուրք գերիները սպանվել են հենց թուրքական ավիահարվածներից։ Հարվածները եղել են այն քարանձավների վրա, որտեղ էլ պահվում էին Թուրքիայի հետախուզության, ոստիկանության գերեվարված ծառայողներն ու զինծառայողները, այլապես քրդերը գերիների հետ այդպես չէին վարվի։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը փետրվարի 10֊ին ժամը 02։55-ին Իրաքի հյուսիսային Գարա շրջանում քուրդ զինյալների դեմ սկսել էին «Ճանկ․ Արծիվ-2» ռազմական գործողությունը (թրք․՝ “Pençe Kartal-2 Harekâtı”)։ Ըստ պաշտոնական տվյալների՝ գործողության ընթացքում թուրքական կողմն ունեցել է ևս 3 սպանված և 3 վիրավոր։

 

razm.info

Ձեզ կհետաքրքրի...