Արցախում աճուրդի են ներկայացվել պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք ավտոմեքենաներ

avtomeqenaner

 Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն  հայտարարել է պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների  օտարման և աճուրդի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին տեղեկացնում են կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից:

Համաձայն հրապարակված ցանկի՝ մասնավորապես ընթացիկ տարվա մարտի 5-ին, աճուրդի են ներկայացվելու ընդհանուր առմամբ՝ 9 մարդատար թանկարժեք ավտոմեքենաներ: Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաների մեկնարկային գինն  ըստ տարեթվի ու մակնիշի՝ գնահատվում է 11 միլիոն 700 հազարից մինչև 25 միլիոն 200 հազար դրամ: Ըստ մեկնարկային գնի ավտոմեքենաների ընդհանուր ակնկալվող արժեքն է 149 միլիոն 800 հազար դրամ: Բացի այդ, մարտի 3-ին աճուրդի են ներկայացվելու նաև Արցախի ներքին գործերի նախարարության ավտոպարկում գտնվող 5 ավտոմեքենա՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 985 հազար 600 դրամ մեկնարկային արժողությամբ:

Դեռևս տարեսկզբին՝  Արցախի պետական պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատման և դրանք աճուրդի դնելու վերաբերյալ քննարկումների մասին տեղեկացրել էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ առցանց բաց զրույցի ժամանակ՝  պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին: Ըստ Բեգլարյանի՝ որոշում է ընդունվել, որ հատկապես թանկարժեք ծառայողական ավտոմեքենաները բաց աճուրդի են դրվելու, որպեսզի դրանք հնարավորինս բարձր գնով վաճառվեն, ապա՝  գումարներն ուղղվեն պետական բյուջե՝ ըստ կարիքի հանրային նպատակներով օգտագործելու համար:

Ձեզ կհետաքրքրի...