Պետական դավաճանություն Արցախում. հարուցվել է քրգործ Ադրբեջանի զինված ուժերին օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքով
Արցախում պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերին Արցախի մի խումբ քաղաքացիների կողմից օգնություն ցույց տալու վերաբերյալ հաղորդման հիման վրա:
Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից՝ նշելով՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փետրվարի 15-ին ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե:
ԱՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այն հարուցվել է անցած տարվա դեկտեմբերի 10-ին Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա, որում ներկայացվել են տեղեկություններ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։