Հայկական կողմի զոհերի թիվը ոչ թե 4005 է այլ 3577. մի շարք լրատվակայքեր կեղծում են. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Aysor.am լրատվակայքը, հղում անելով առողջապահության նախարարությունից ստացված հարցմանը, գրել է, որ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Փետրվարի 13-ի դրությամբ 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում»։
Մի շարք լրատվակայքեր, օգտվելով հրապարակումից, եզրակացրել են, որ հայկական կողմը փետրվարի 16-ի դրությամբ ունի 4005 զոհ։ Այս տեղեկությունը տարածվեց Pastinfo.am, Analitik.am, 7or.am, Henaran.am, Times.am և այլ կայքերի կողմից։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը, կապ հաստատելով առողջապահության նախարարության հետ, պարզաբանում է, որ շրջանառվող 4005 թիվը կեղծ է։ Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) զոհերի թիվը 3577 է։ 428 մարմինները, որոնցից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում, ներառված են ԱՆ կողմից հրապարակված 3577 զոհերի թվի մեջ։