Դատարանը վերսկսում է «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը. մեղադրյալի աթոռին Աղամալ Հարությունյանն է

Versksum

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվելու է Գլխավոր դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը։ Գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Հիշեցնենք՝ այս գործով, ինչպես և 20 տարի առաջ, մեղադրյալը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամներից Աղամալ Հարությունյանն է։ Նա, մեղադրվում է նույն՝ անզգույշ մահ պատճառելու հոդվածով։

Հիշեցնենք՝ անցած տարի Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել էր 2002 թվականին Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործով վճռին ու ուղարկել նոր քննության։

Ըստ դատախազության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ գործով ականատես վկաների դիմումների եւ հարցաքննությունների արդյունքում պարզվել են դեպքի մասին էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ, որոնք առերևույթ վկայում են Պ. Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին. «Այսինքն՝ առերևույթ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ»:

Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ. Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Ձեզ կհետաքրքրի...