Թուրք պաշտոնյա. «Ղարաբաղը» կլինի Թուրքիայի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների շարքում»
Թուրքիայի տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմակերպված «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորում» միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, Առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը, Էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
Տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նաիլ Օքթայը, ելույթի ընթացքում օգտագործելով «Մեկ ազգ, մեկ տնտեսություն» եզրույթը, շեշտել է, որ այս նպատակին հասնելու համար ռազմավարական քայլերով առաջ են ընթանում։
Թուրքիա-Ադրբեջան Գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթն էլ ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարևորությունը և նշել, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ ուժի մեջ մտած առևտրի ազատականացման համաձայնագրի շնորհիվ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 30 տոկոսանոց աճ է գրանցել։
Թուրք պաշտոնյան շնորհավորել է Ադրբեջանին «Ղարաբաղում տարած հաղթանակի առթիվ» և հայտարարել, որ այս նոր ժամանակաշրջանում Ղարաբաղն իրենց տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մեջ է լինելու։ Ամեն ինչ անելու են ներդրողներին ուղղորդելու դեպի Ղարաբաղ։ Աքաթը շեշտել է, որ Ղարաբաղն իրենց համար զուտ բիզնես ծրագիր չէ, այլ՝ պարտականություն։