Ալիևը և Էրդողանը Շուշիում կմասնակցեն կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը
Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին Շուշիում կմասնակցեն «Գորշ գայլերի» միջոցներով կառուցվելիք դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Դպրոցը կառուցվելու է Ազգայնական շարժում կուսակցության իդեալիստների միության կրթության և մշակույթի հիմնադրամի միջոցներով։ Այս մասին Hetq.am-ի հաղորդմամբ՝ գրում է minval.az-ը՝ հղում անելով՝ ԱՇԿ առաջնորդի խորհրդական, ճարտարապետ Զիյա Գյունայդընին։
Խոսելով Ադրբեջան այցի մասին՝ Գյունայնդընը նշել է, որ ներկայումս Շուշիում որոշվում են ենթակառուցվածքային հարցեր, կառուցվում է նոր ճանապարհ։ «Հիմնվելով մեր դիտարկումների և իրականացված հանդիպումների վրա՝ ես կարող եմ ասել, որ աշխատանքներն արագ են ընթանում և մինչև գարուն նախատեսվում է բացել այդ ճանապարհը»,- նշել է Գյունայդընը։ Նրա խոսքերով՝ նորակառույց ճանապարհի բացումից հետո կկայանան Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Բահչելիի մասնակցությամբ նոր դպրոցի հիմնարկեքի արարողությունը։
Զուգահեռաբար Գյունայդընը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե որտեղ կկառուցվի դպրոցը։ «Շուշիում իրականացվում են մանրակրկիտ կադաստրային աշխատանքներ։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այդ աշխատանքների արդյունքում դպրոցի համար տեղ կհատկացվի քաղաքի ամենագեղեցիկ հատվածում»,- ընդգծել է նա։
«Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1960-ական թվականներին՝ Ալփարսլան Թյուրքեշի կողմից։ Համարվում է Ազգայնական շարժում կուսակցության արմատական թևը, որի հետևորդները հարում են պանթյուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարներին։ «Գորշ գայլերի» ներկայացուցիչները բազմիցս կազմակերպել են ահաբեկչական գործողություններ, այդ թվում նաև Հռոմի Հովհաննես Պողոս II պապի վրա: