Կասկադյորական ավտովթար Երևանում. գլխավոր հաշվապահը BMW-ով տապալել է լուսացույցն ու հաստաբուն ծառը և հայտնվել կանաչ գազոնում.
Երեկ՝ փետրվարի 20-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Վ, Հարությունյանը իր վարած BMW մակնիշի 51 QX 111 համարանիշի ավտոմեքենայով Մազմանյան-Շիրազ և Չաուշի փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն և առաջ ընթանալով բախվել ծառին, արմատախիլ արել այն ու հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Ա. Միլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի ծառայողները: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արտավազդ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններին վարորդը հայտնել է, որ ինքն աշխատում է «Էֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com