Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ
ԵՊԲՀ-ն կդառնա առաջատարը Հայաստանում քաղցկեղի գենետիկ հետազոտման ոլորտում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ:
Հիշեցնենք, որ 2020 թվականին ԵՊԲՀ-ն հաղթել էր Եվրամիության ՀՈՐԻԶՈն-2020 (Horizon-2020) Թվինինգ (Twinning) «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research — ARICE) ծրագրում: Ծրագիրը նվիրված է ծայրահեղ արդիական առողջապահական խնդիրներից մեկին՝ քաղցկեղի հետազոտություններին: Տևողությունը 36 ամիս է:
Նշված ծրագրի շրջանակում փետրվարի 12-ին պաշտոնապես տեղի ունեցավ առցանց մեկնարկային գիտաժողով:
Մեկնարկային հանդիպմանը մասնակիցներին ողջունելով նշեցի, որ ինձ համար առանձնահատուկ պատիվ է մասնակցել ԵՄ նոր նախագծի մեկնարկին:
ԵՄ ARICE նախագծով մենք մեր թիմի և գործընկերների մասնագիտական աջակցությամբ կարողացանք հայկական բժշկական հետազոտություններին շարունակականություն տալ: Ցավոք, կորոնավիրուսի և պատերազմի պատճառով մենք չկարողացանք մեր գործընկերներին հյուրընկալել մեր գեղեցիկ հայրենիքում, բայց գիտենք, որ դա ժամանակավոր է և անշուշտ, դեռ կկարողանանք Հայաստանում հյուրընկալել լավագույն մասնագետներին։
Ինչպես գիտեք, մենք՝ հայերս, ցավոք շատ ենք տուժում քաղցկեղից, ինչը հաստատված է վիճակագրությամբ: Մենք Երևանի պետական բժշկական համալսարանում լիահույս ենք, որ այս նախագիծը ինչ-որ կերպ կխլի կամ գոնե կնվազեցնի քաղցկեղի տեղը մեր կյանքում:
Հուսով ենք, որ այս նախագիծը կդառնա առաջին խոշոր ենթակառուցվածքը մի երկարատև հետազոտական նախաձեռնության մեջ, որը կուսումնասիրի քաղցկեղի և նրա շրջակա միջավայրի միջև չարագուշակ փոխգործակցությունը, մասնավորապես՝ Հայաստանում: Հենց սա է այսօր մեկնարկած ARICE եվրոպական հետազոտական նախագիծի նպատակը: Մենք շատ ուրախ ենք, որ այս հետազոտական ուղևորության մեջ ունենք այնպիսի հայտնի և պրոֆեսիոնալ գործընկերներ, ինչպիսիք են Չեխիայի Չարլզի (Կառլովի) համալսարանը, Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանը և Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը, որոնք կլինեն մեր կողքին: Միասին մենք ուժեղ ենք և կարող ենք շատ բանի հասնել: Կոնսորցիումի գիտական համակարգողը պրոֆեսոր Թամարա Սարգսյանն է՝ բժշկական գենետիկայի ականավոր մասնագետ, որն իր նվիրվածությամբ և գիտական մտածողությամբ շատ հաջողություններ է տոնել, ուստի ARICE-ը լավ ձեռքերում է։
ԵՊԲՀ-ն` որպես համակարգող, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer) մասնակցությամբ ծրագիրը կիրականացնի Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի և Չեխիայի Չարլզի (Կառլովի) համալսարանի հետ գործընկերությամբ` տարածելով իր կարողությունները ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային մակարդակներում:
Մեկնարկային հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ բժշկական գիտությունների թեկնածու, ծրագրի խորհրդատու Ուիլկո Գրաֆմանսը և ավագ փորձագետ Շտեֆան Վայերսը:
Առցանց հանդիպման ընթացքում ելույթ ունեցան նաև գործընկեր համալսարանների առաջատար փորձագետները՝ Գրացի բժշկական համալսարանի Միջազգային բիոբանկի և կրթության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Կարինե Սարգսյանը, ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության Լաբորատոր ծառայության եվ բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը և Չարլզի (Կառլովի) համալսարանի Միջազգային հետազոտությունների ղեկավար Ջուդիտա Կինկորովան: Վերջիններս հանդիսանում են քաղցկեղի հետազոտման եվրոպական փորձագետներ և մեծապես կնպաստեն Հայաստանում քաղցկեղի հետազոտման ոլորտի զարգացմանը:
Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարձրացնել հետազոտական ենթակառուցվածքների կարողությունները Հայաստանում քաղցկեղի հետազոտության ոլորտում` նպաստելով թվային և մոլեկուլային ախտորոշմանը, անձնականացված և գենոմային բժշկության ինտեգրմանը կլինիկա, ժամանակակից բիոբանկի ստեղծմանը:
Ծրագրի արդյունքում ԵՊԲՀ-ն կդառնա առաջատարը Հայաստանում քաղցկեղի գենետիկ հետազոտման ոլորտում: ARICE ծրագիրն ունի բարձր ռազմագիտական նշանակություն և արդիականություն: Այն հեռանկարային է բուհի համար. Եվրոպայի արհեստավարժ փորձագետների հետ համագործակցությամբ արդեն իսկ ստեղծվել է քաղցկեղի հետազոտման, բիոբանկի, բիոմարկերների միջդիսցիպլինար միջազգային խումբ:
«Ծրագրի իրականացումը շատ կարևոր գիտական և պրակտիկ նշանակություն կարող է ունենալ: Ծրագրի շրջանակներում պետք է հետազոտվեն քաղցկեղի հետ կապված մի շարք ասպեկտներ՝ վաղ ախտորոշում, ճիշտ և անհատականացված բուժում: ARICE ծրագիրը շատ ակտուալ է Հայաստանի համար, քանի որ քաղցկեղը մեր երկրում հիմնականում ուշ է ախտորոշվում», — նշեց Թամարա Սարգսյանը՝ շեշտելով, որ ծրագրի առաջնային և հիմնական նպատակը Հայաստանում բիոբանկի ստեղծումն է:
Պրոֆեսորի հավաստմամբ՝ նախագիծը համաշխարհային նշանակություն ունի, որովհետև ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը շատ հետաքրքրված է ինչպես մեր երկրում բիոբանկի ստեղծումով, այնպես էլ մեր տվյալներով: Նախագիծը եզակի է նաև այն առումով, որ ԱՀԿ-ն ամեն նախագծի չէ, որ մասնակցում է: Մյուս կողմից՝ ԵՄ ՀՈՐԻԶՈՆ-2020 ծրագիրը շատ հազվադեպ է մեծ կազմակերպություններին թույլ տալիս ինչ-որ նախագծի մաս կազմել գործընկերոջ կարգավիճակով:
Քաղցկեղի հետազոտման ենթակառուցվածքն ընտրվել է որպես ARICE ծրագրի կիզակետ, քանի որ Հայաստանում քաղցկեղի հիվանդացության և մահացության մակարդակը շատ բարձր է, տարածված են նաև հազվադեպ չարորակ հիվանդությունները: Հիվանդների 60%-ն ախտորոշվում է քաղցկեղի 3-4-րդ փուլում, երբ բուժումը ոչ արդյունավետ է:
«ԱՀԿ-ն կնպաստի նաև նրան, որ մեր կողմից հայտնաբերված առանձնահատկությունները տարածվեն և աշխարհի մյուս երկրները նույնպես կարողանան օգտվել մեր գիտական նվաճումներից», — հույս հայտնեց Թամարա Սարգսյանը:
Բժշկական գենետիկայի ամբիոնը, նրա խոսքով, պատրաստ է նմանատիպ նախագծի իրականացման համար: «Հաշվի է առնվել նաև ծրագրի՝ Եվրամիության ներկայացուցիչների հետ արդյունավետ աշխատանքի հսկայական դրական փորձը», — ավելացրեց պրոֆեսորը:
Քաղցկեղի գենետիկայի լաբորատորիայի վարիչ, դոցենտ Դավիթ Բաբիկյանն, իր հերթին, փաստեց, որ ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնը հագեցած է գենոմային հետազոտությունների համար նախատեսված ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: «Այստեղ կատարվում է քաղցկեղի գենետիկական դիագնոստիկա և ֆարմակոգենետիկա, այսինքն՝ ապահովվում է անհատականացված ախտորոշում և նշանակվում է անհատականացված բուժում», — ավելացրեց Դավիթ Բաբիկյանը»,- գրել է նա: