Մենք Հայաստանի Հանրապետությունում թշնամի չունենք. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ հրապարակ՝ իր կանչով հավաքված քաղաքացիների հետ զրույցի: Լրագրողների հարցին ի պատասխան վարչապետը նշեց, որ բոլոր մանրամասների մասին կխոսի ժամը 16.00-ին:
Փաշինյանի խոսքով՝ բախումների վտանգ միշտ կա, բայց պետք է պայմանավորվել միմյանց հետ, որ նման բան մեր երկրում երբեք տեղի չունենա:
«Ամենակարևորը՝ հանդարտ ենք բոլորս: Մենք Հայաստանի Հանրապետությունում թշնամի չունենք, բայց կան հարցեր, և այսօրվա մեր հավաքի նպատակը դրանք քննարկելն է»,- նշեց վարչապետը:
Ո՞ւմ են ենթարկվում զինված ուժերը հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց՝ ՀՀ ժողովրդին և վարչապետին:
«Ես կարծում եմ, որ հեղաշրջման վտանգը մեծ հաշվով կառավարելի է, դա մեծ հաշվով հուզական արձագանք է, մեր եղբայրներին մենք չպետք է խիստ վերաբերվենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նրանց ներքաշել են նման գործընթացներում:
Փաշինյանը հորդորեց մանրամասների սպասել ժամը 16.00-ին:
«Չի կարող տեղի ունենալ որևէ այլ բան, այլ միջադեպ, այլ իրավիճակ: Հայաստանի Հանրապետությունում եղբայրության մթնոլորտ պիտի լինի, ինչը չի նշանակում, որ քաղաքական բանավեճ և խոսակցություն չեն լինելու»,- վստահեցրեց Փաշինյանը: