«Իմ քայլի» պատգամավորներին հատ-հատ տներից կհանենք և կբերենք նիստի. Մանուկյան

Tneric khanenq

Ես կոչ եմ անում, որ բանակը ընդվզի, բանակը չի կարող կատարել անօրինական հրամաններ: Այդ մասին Բաղրամյան պողոտայում ընթացող «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: 

«Եթե բանակը ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ: Ոստիկաններն էլ են դեմ, բայց վախենում են, որ իրենց աշխատանքից հանեն»,- նշեց նա: 

Անդրադառնալով այսօր ԱԺ խորհրդի նիստի չկայանալուն, որում պետք է քննարկվեր արտահերթ նիստ հրավիրելու հարցը, Մանուկյանն ասաց, որ «Իմ քայլը» խուսափել և չի ներկայացել, մինչդեռ ռազմական դրությունը պետք է վերացվի, որպեսզի հնարավոր լինի նոր վարչապետ ընտրել:

««Իմ քայլը» խմբակցության մեջ կան նորմալ մարդիկ, և ես նամակ եմ գրել նրանց՝ ասելով, որ իրենց շահը և պատիվն են պահանջում, որ դուրս գան խմբակցությունից: Մենք նման փորձ ունենք. 88-ին ուզում էինք, որ Գերագույն խորհրդի նիստ լինի, պատգամավորները չեկան, հատ-հատ տներից հանեցինք, բերեցինք նիստի, նույնը կանենք հիմա»,- ընդգծեց ընդդիմության վարչապետի թեկնածուն՝ հավելելով. «Մենք իրականացնում ենք պլան Ա-ն և կա՛մ կհեռացնենք իշխանությանը, կա՛մ գոյություն չի ունենա Հայաստան: Եթե չպիտի գոյություն ունենա, մենք կդիմենք ամեն միջոցի, բայց մենք ուզում ենք անցնցում հեռացնել իշխանությանը»:

 

Ձեզ կհետաքրքրի...