Ոչ թե ներկա, այլ նախկին. ԶԼՄ-ները «մոռացել են» նշել, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող սպաները համակարգում չեն

Vostikanutyun

Հայկական մի շարք լրատվամիջոցներ տարածել են տեղեկություն, թե ոստիկանության բարձրաստիճան սպաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։ 

News.am-ը, aysor.am-ը, 24news.am-ը, 168.am-ը և մի շարք այլ կայքեր, տարածելով ոստիկանության երեք տասնյակ բարձրաստիճան սպաների հայտարարությունը, չեն ընդգծել մի կարևոր հանգամանք, որ նրանք այլևս չեն աշխատում ոստիկանության համակարգում և փաստացի նախկին պաշտոնյաներ են։ 

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Fip.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ հայտարարություն տարածել են բացառապես նախկին պաշտոնյաները։

Ստորև ներկայացված են, թե երբ են լքել համակարգը հայտարարության տակ հանդես եկած որոշ պաշտոնաթող սպաներ։ 

Օրինակ՝ գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը 2002-2008 թվականներին եղել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։ 2010-2013 թվականին եղել է Շիրակի մարզպետ։

Հայտարարությունը ստորագրած գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը եղել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ծառայությունից ազատվել է 2008 թվականին։

Գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը եղել է ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, պաշտոնից ազատվել է 2008 թվականին։

Գեներալ-լեյտենանտ Սաշիկ Աֆյանը նույնպես եղել է ոստիկանության պետի տեղակալ, պաշտոնից ազատվել է 2013 թվականին։

Գեներալ Ռաֆայել Հովհաննիսյանը եղել է Քրեակատարողական վարչության պետ,  պաշտոնից ազատվել է 2019 թվականին։  

Հայտարարությունը ստորագրած՝ Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, գնդապետ Իշխան Իշխանյանը 2011 թվականին է ուղարկվել ոստիկանության կադրեր։ 

Գնդապետ Կարեն Բաբաքեխյանն ազատվել է Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից դեռևս 2014-ին։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանն էլ պաշտոնից ազատվել է 2019-ի օգոստոսին։ 

Փաստացի, հայտարարությունը ստորագրած անձինք համակարգը լքել են դեռ տարիներ առաջ և ներկայում ոստիկանությունում պաշտոն չեն զբաղեցնում։

Նելլի Լազարյան

Ձեզ կհետաքրքրի...