Սպանողները մեր կողքին են, քայլում են փողոցներով. Սեդա Սաֆարյանը՝ Մարտի 1-ի գործի և նիստերի ձգձգման մասին armtimes
Այսօր լրանում է Մարտի 1-ի ողբերգական դեպքերի 13-րդ տարին: 2008 թվականի այս օրը սպանվեցին Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Զաքար Հովհաննիսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադեւոսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Սամվել Հարությունյանը:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սույն գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանը, նրա մտերիմներից ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, 2008-ին Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը: Այս գործը մոտ 2 տարի է՝ գտնվում է դատարանում, սակայն դեռ դատաքննություն չի սկսվել. պաշտպանական կողմը տարբեր միջնորդություններով ձգձգում է դատական նիստերը:
Դատական նիստերի, դրանց ձգձգման վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի մի քանի հարցերին է պատասխանել Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
— ՏիկինՍաֆարյան, մոտ 2 տարիէ, ինչընթանումէՌոբերտՔոչարյանիևմյուսնախկինբարձրաստիճանպաշտոնյաներիգործովքննությունը: Որպեստուժողներիիրավահաջորդներիներկայացուցիչ՝ընթացքնինչպե՞սեքգնահատում:
— Գնահատում եմ՝ շատ վատ: Սա դատական համակարգի պարտությունն է, երբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցում դրսևորվեց այսպիսի անարդարություն: Կարծում եմ՝ այստեղ կա նաև իշխանությունների մեղքը, որ 2,5 տարվա ընթացքում չկարողացավ դատական համակարգում լուրջ վերափոխումներ անել և ապահովել արդարության իրականացումը: Միգուցե չցանկացան ցնցումների ենթարկել մեզ, բայց մենք արդեն ցնցումների ենթարկված ենք, դա կարելի էր անել մի քանի ամսվա մեջ այն ձևաչափերով, որոնք գոյություն ունեն: Օրինակ՝ Եվրոպական դատարանների փաստերի հիման վրա դատարանների մաքրման աշխատանքներ կարող էին իրականացնել, քննություններ իրականացնելով՝ կարող էին վատ որակի դատավորներին հանել և այլն: Ես իմ առաջ հարց եմ դնում՝ արդյոք այն դատավորը, որը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն է քննում, կարո՞ղ է այդ գործի ծանրության տակից դուրս գալ: Այս երկու տարիները ցույց տվեցին, որ պատրաստ չէ: Դատավորը նա չէ, ով պետք է նստի դատարանում ու բոլորին լսի, նա պետք է իրեն վերապահված գործառույթի շրջանակներում կարողանա գործին արագ տեմպ տալ և ողջամիտ ժամկետների քննությամբ ապահովել գործի արդարացի քննությունը: Բոլորիս ակնկալիքն այն է, որ համակարգը պետք է մաքրվի, և դա միայն դատարաններին չի վերաբերում, նաև իրավական համակարգին՝ ոստիկանություն, քննչական մարմիններ: Խմբավորումները, որոնք հիմա դրսում են, որոնք իշխանությունը վարկաբեկող քաղաքականություն են վարում, ազդեցություն ունեն նախկինում ձևավորված դատական համակարգի վրա: Ռեֆորմներ չանելը ի վնաս իշխանության է: Իշխանությունների դանդաղ գործելակերպն ազդեցություն ունեցավ դատական համակարգի վիճակի պահպանման վրա, դա էլ իր հերթին ազդեց արդարությունը վերականգնելու՝ ժողովրդի ցանկությունների վրա:
— Ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ նիստերին, ո՞ր դեպքում (տևական ժամանակ է, ինչ Մարտի 1-իզոհերիիրավահաջորդներըբոյկոտելենդատականնիստերը)։
— Երբ դատարանը կսահմանափակի պաշտպանության կողմի միջնորդությունները, երբ դատարանը պատշաճորեն կապահովի հավասար պայմաններ երկու կողմերի համար, մենք կգնանք դատարան: Բայց քանի դեռ դատարանում այս ամենը չի արվում, մենք ոչինչ չանելուն հաղորդակից դառնալ չենք ցանկանում:
— Տիկին Սաֆարյան, մոտ 2 տարի է՝ սույն գործով չի հաջողվում անցնել դատաքննության, այս միջնորդությունները կարո՞ղ են անվերջ քննվել դատարանի կողմից: Ի վերջո, դուք, որպես տուժող կողմ, ի՞նչ լուծում եք տեսնում:
— Միջնորդությունները կարող են անվերջ արվել, բայց կարող են անվերջ մերժվել նույն հիմքով լինելու պատճառով: Օրենքը թույլ է տալիս նույն հիմքով արված միջնորդությունը թողնել առանց քննության, միջնորդություններ էլ կան, որոնց լուծումը կարող է տրվել քննության ավարտին: Դատարանն ունի լծակներ, բայց դատարանի գործողություններում չկա կտրուկություն, լուծում տալու արագություն չկա: Միջնորդությունը, եթե կարելի է 15 րոպեում քննարկել, պե՞տք է դրա համար երեք ամիս ժամանակ ուզի դատավորը: Մտավախություն ունեմ, որ դատարանն ունի կաշկանդվածություն՝ անվերջ պաշտպանել պաշտպանության կողմերի իրավունքների հնարավորինս արդյունավետությունը, բայց տուժող կողմի մասին որևէ բան չի մտածում: Տպավորություն է, թե դատարանն ինչ-որ բանի սպասում է, սպասում է տեսնի, թե ինչ տեղի կունենա:
— Ձեր վերջին հարցազրույցներից մեկում նշել էիք, որ տարաձայնություն ունեք ներկայացված մեղադրանքի վերաբերյալ, նշել էիք, որ փաստական հանգամանքների մեջ այնպիսի շարադրանք կա, որը այլ հանցագործության մասին է խոսում, եւ պետք է որպես առանձին հանցագործություն դիտարկել, ինչը տեղի չի ունեցել: Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ շարադրանքի մասին է խոսքը:
— Ես բազմիցս ասել եմ՝ իշխանությունները համագործակցել են զինված խմբավորումների և օլիգարխիկ համակարգի հետ, և այդ համագործակցությունը ներկայացնում է հանցավոր համագործակցություն: Հանցավոր համագործակցության տարրերի շարադրանքը տեղ է գտել մեղադրական եզրակացության մեջ, և այդ արարքին առանձին գնահատական չի տրվել, այլ դիտվել է որպես սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների ամբողջականություն: Բայց դա առանձին հանցագործություն է:
— Միջնորդություն ներկայացրե՞լ եք՝ տվյալ շարադրանքն առանձին հանցագործություն համարելու համար:
— Նախաքննության ընթացքում Վահե Գրիգորյանը (նախկին ներկայացուցիչ,-հեղ.) դիմել է, իսկ դատաքննության այս փուլում դեռ հերթը մեզ չի հասել, որպեսզի մենք կարողանանք որևէ միջնորդություն ներկայացնել եւ խնդրենք մեղադրող կողմին, որպեսզի վերաձևակերպեն մեղադրական եզրակացությունը:
— Այսօրլրանումէմարտի 1-իողբերգականդեպքերի 13-րդտարին, ըստէության՝ ի՞նչառաջընթացկարողեքմատնանշելգործիբացահայտմանուղղությամբ:
— Ես կցանկանայի, որ սպանություններն իրականացնող մարդիկ այսօր հանրությանը հայտնի դառնային: Հասկանում եմ, որ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ, բայց դա չի կարող արդարացնել նախաքննական մարմնի գործողությունների անարդյունավետությունը: Ես հույս ունեի, որ կլինեն լծակներ, լայնածավալ օպերատիվ աշխատանքի հնարավորություն, բայց տեսնում եմ, որ այս հարցում քննչական մարմինը և օպերատիվ աշխատողները զուգահեռաբար չեն կարողացել իրենց աշխատանքը կազմակերպել:
Դեռևս ՀՔԾ-ում գործի քննվելու ժամանակ ինձ մոտ կար տպավորություն, որ ավելի լավ կլիներ ՀՔԾ-ն ունենար իր օպերատիվ աշխատողները, ովքեր համագործակցելով կաշխատեին, որովհետև կյանքը ցույց տվեց, որ ԱԱԾ-ում այնպիսի իրավիճակ է եղել, որ այդ աշխատանքը չէր արվի: Հատկապես, երբ Արթուր Վանեցյանն է եղել ԱԱԾ տնօրենը, և հիմա մենք տեսնում ենք, թե ում կողքին է կանգնած նա: Ես կարծում էի՝ այս սպանությունների հայտնաբերման հարցում նոր թափ կլինի ԱԱԾ հաջորդ ղեկավարի պաշտոնավարման ժամանակ, բայց էլի ամեն բան մնացել է նույն մակարդակում: Ես իմ կողքին նստած տուժողի իրավահաջորդներից ամաչում եմ, նրա համար, որ համակարգը չի կարողանում միասնականություն ձևավորել այդ սպանությունները բացահայտելու հարցում: Սպանողները մեր կողքին են, քայլում են փողոցներով, և շատերն անուններով գիտեն, թե ովքեր են կրակել ժողովրդի վրա, գործն անհուսալի կորած չէ, բայց պետք է գործնական քայլեր արվեն, արդյունք այդպես կարող ենք ունենալ:
— Մայր գործով նախաքննության ընթացքից տեղյա՞կ եք, ինչ գործողություններ են իրականացվում:
— Ընթացքից տեղյակ չեմ, բայց դրա վերաբերյալ քննությունը պետք է թափանցիկ լինի, եթե առաջընթաց կա, տուժողների իրավահաջորդները պետք է իմանան դրա մասին: Քանի որ դրա մասին ոչինչ չգիտենք, հետևաբար չենք կարող ասել, որ այնտեղ կա առաջընթաց:
Անյուտա Աթանեսյան
armtimes.com