Մահվան ելքով վրաերթ Երևանում. 31–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա. վերջինս հիվանդանոցում մահացել է.
Այսօր՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20- սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400 մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Հովիկ Հարությունյանն ու Տիգրան Գևորգյանը: Մինչ դեպքի վայրում սպասում էին, որպեսզի ժամանեին ՃՈ հետաքննչները, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է, ինչի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com