Վարչապետի շնորհավորական ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել դիվանագետի օրվա առթիվ:
«Հարգելի դիվանագետներ,
շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այսօրվա բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաև ձեզնից սպասումները։
Չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:
Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջև»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։