ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ ԴԵՌ ՄԱՐԴԻԿ ԼՈՒՐՋ ԴԵՄՔՈՎ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Dumanyan

Գուրգեն Դումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանից ապացույցներ են պահանջում վերջինիս այն հայտարարության վերաբերյալ, թե Օնիկ Գասպարյանը գործել է Սերժ Սարգսյանի պահանջով։ Փաստորեն այսքանից հետո դեռ մարդիկ լուրջ դեմքով այս մարդուց ապացույցներ են պահանջում։ Մարդուց, որը հայտարարում է, որ «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10%-ով, ապա մի քանի օր անց հայտարարում, որ իրեն սխալ են զեկուցել (կարծում եմ այս դեպքում ևս կարելի է լուրջ դեմքով ապացույց պահանջել)։ Մարդուց, որը հայտարարում է, որ Շուշիի հարցը մշտապես քննարկվել է բանակցային ողջ գործընթացում և որին ընդամենը րոպեներ անց հերքում է իր իսկ Կառավարության անդամը։

Մարդուց, որը հայտարարում է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունենում սահմանազատման ու սահմանագծման գործընթաց և որին հաջորդ իսկ օրը հերքում է իր իսկ ենթակայության տակ գտնվող արտգործնախարարությունը։ Մարդուց, որը հայտարարում էր, որ պատերազմի ընթացքում կային դավաճաններ, որոնք սաբոտաժ էին իրականացնում զորքի շարքերում և որին հերքեց իր իսկ ենթակայության տակ գործող ԱԱԾ-ն։ Մարդուց, որը հայտարարում էր, որ Շուշին ընկել է, որովհետև Վանեցյանի ջոկատը փախել էր իրեն վստահված դիրքերից և որին հերքում է փաստացի իր ենթակայությամբ գործող դատախազությունը։ Վերջապես մարդուց, որը նոյեմբերի 9-ի երեկոյան ժամը 9-ի մոտակայքում հայտարարում էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են և որին 2 ժամ հետո հերքեց… հենց ինքը՝ ստորագրելով ստորացուցիչ մի փաստաթուղթ… Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, հասնելով մինչև 2018թ.-ի ապրիլ կամ նույնիսկ 90-ականների սկիզբ, սակայն կարծում եմ անիմաստ է։ Այսքանն էլ, ավելի քան բավական է պատկերացնելու համար Հայաստանում տեղի ունեցող տրագիկոմիկ ֆարսի աղետալի մասշտաբները…»։

Ձեզ կհետաքրքրի...