ՄԻԳՈՒՑԵ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԻ ՍԴ․ Հ․ ՍԱՀԱԿՅԱՆ

Henc

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն այսօր հայտարարություն է տարածել, որ նախագահը որոշել է չստորագրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ   Օնիկ Գասպարյանին ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի հրամանագրի նախագիծը:

Համաձայն հայտարարության՝ Արմեն Սարգսյանն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Եթե այս ընթացքում նախագահը հրամանագրի նախագիծը չվիճարկի ՍԴ-ում, ապա այն երեք օրից ուժի մեջ կմտնի, և իրավական տեսանկյունից Գասպարյանը կդադարի զբաղեցնել ԳՇ պետի պաշտոնը։

«Հրապարակը» Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով նախկին նախագահ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է կարելի անել, իրավիճակի հետ կապված ի՞նչ լուծումներ կան։

««Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել և հանդիպում է պահանջում նախագահի հետ։ Ինձ թվում է, որ այդ բոլոր հարցերը կբարձրացնեն այնտեղ, և հավելյալ տեղեկատվությամբ հանդես կգան։ Ինչ վերաբերում է երկրի նախագահին, ես չեմ կարծում, որ այսօր այն տեղն է, որ պետք է աճպարարությամբ զբաղվել կամ սեփական անձը փրկել։ Երկիրը խստագույնս խորը ճգնաժամի մեջ է՝ քաղաքական, տնտեսական, բոլոր առումներով։ Այսօր վերանանք ամեն ինչից՝ ընդդիմություն, իշխանություն, մեկ հարց կա՝ երկրի անվտանգությունն ապահովող, քայքայված կառույցին գլխատելու հարցն է այս վիճակում։ Բառեր էլ չկան նկարագրելու», — ասաց իրավաբանը։

Հարցին՝ կարո՞ղ են խորհրդարանական ուժերը ՍԴ-ում վիճարկել ազատման հրամանագիրը, պատասխանեց, որ և՛ Սահմանադրությամբ, և՛  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հետ կապված հստակ նշված է՝ երբ դիմել, նախագահն ինչ լիազորություններ ունի։ «Եվ այս հարցով, կարծես թե, խորհրդարանական ընդդիմությանը վիճարկելու սահմանադրական իրավունք վերապահված չէ», — հավելեց Սահակյանը։

ՀՀԿ գործիչն ասաց նաև, որ միգուցե նախագահը հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցով վաղը դիմի ՍԴ։ «Ես չգիտեմ՝ ինքն արդեն չի ստորագրել, արդեն հայտարարել է, որ դիմում է այդ մյուս օրենքի սահմանադրականության հետ կապված, որովհետև [նախագահի աշխատակազմի հայտարարության] տեղեկատվութունը  շատ սահմանափակ է։ Եվ դրա համար էլ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները, ղեկավար մարմինը դիմել է նախագահին, որպեսզի այդ պարզաբանումները ստանա։ Սպասենք հանդիպմանը և նաև հանդիպումից հետո այդ պարզաբանումներին, թեպետ այս երկրում վաղուց իրավաբանական գործընթացներ տեղի չեն ունենում։ Ուստի իրավական մեկնաբանություններ տալն այս գործընթացին, կարծում եմ, անշնորհակալ գործ է», — եզրափակեց Հովհաննես Սահակյանը։

 

hraparak.am

Ձեզ կհետաքրքրի...