Բանն այն է, որ, եթե երկիրը պետք է փրկել ռազմական հեղաշրջումով, եթե հասել է դրա կարիքը, դա արդեն իսկ «վախենալու» իրավիճակ է. Հակոբ Բադալյան

Badalyan
 Երբ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ պետք չէ վախենալ ռազմական հեղաշրջում արտահայտությունից, որովհետեւ կան օրինակներ, երբ դա օգնում է փրկել երկիրը, ապա էստեղ իհարկե հարցը միարժեք չէ դատապարտելու կամ հաստատելու տեսանկյունից: Բանն այն է, որ, եթե երկիրը պետք է փրկել ռազմական հեղաշրջումով, եթե հասել է դրա կարիքը, դա արդեն իսկ «վախենալու» իրավիճակ է:
Հիմա այդպիսին է Հայաստանում վիճակը, թե ոչ, սա այլ հարց է: Բայց, ռազմական հեղաշրջումով փրկվելու հրամայականը սա արդեն իսկ վախենալու է: Եվ վախենալու է հենց այն պատճառով, որ ռազմական հեղաշրջումը «վիճակախաղի» նման է՝ երկիրը կարող է փրկվել, բայց կարող է նաեւ կործանվել: Սա որոշակիորեն կախված է մի քանի հիմնարար գործոններից: Երկիրը կարող է փրկվել, եթե երկրի բարձրագույն զինվորական ղեկավարությունը աչքի է ընկնում ոչ միայն զուտ զինվորական որակներով, այլ նաեւ ռազմա-քաղաքական բարձր ինտելեկտով՝ ներքին ու արտաքին քաղաքական հարցերի ներդաշնակ դիտարկման եւ համակարգային պատկերացումների համատեքստում: Մյուսը՝ եթե հանրության գերակշռող մեծամասնությունը եւս համակարծիք է զինվորական բարձրագույն ղեկավարության հետ, որ երկիրը պետք է փրկել բոլոր քաղաքական ուժերի ձեռքից:
Այդ երկու հանգամանքը կարծում եմ ամենը չէ, սակայն առանցքային նշանակություն ունի ռազմական հեղաշրջման լեգիտիմության եւ այդ կերպ նաեւ հետագա զարգացումների օգտակարության հավանականությունը բարձրացնելու առումով: Ակնառու է, որ Հայաստանում չկա թե մեկը, թե մյուսը: Այսինքն, ԶՈՒ բարձրագույն հրամկազմի առնվազն հայտարարված մոտեցման հարցում հանրության մի մեծ մաս առնվազն համաձայն չէ: Միաժամանակ, կարծում եմ մենք ունենք խնդիր նաեւ ԶՈՒ բարձրագույն ղեկավարության ոչ միայն ռազմական, այլեւ ռազմա-քաղաքական կարգի, ինտելեկտուալ ներուժի առումով: Ամենեւին չեմ խոսում ինտելեկտի բացակայության մասին, բայց առ այսօր մեր զինված ուժերի բարձրագույն հրամկազմը աչքի չի ընկել այդ հավաքական ինտելեկտով, մինչդեռ դրսեւորման առիթներ եղել են նախորդ տարիներին բազմաթիվ անգամներ:
Ավելին, այս թեմային անդրադարձել եմ նախկինում իմ հոդվածներում, որ՝ Հայաստանի պես չավարտված պատերազմով երկրում բանակը չի կարող մնալ միայն զինվորական առաքելության շրջանակում եւ պետք է ունենա նաեւ իր տեսակարար կշիռը պետական քաղաքականության համատեքստում: Այլ կերպ ասած, մեր գեներալակազմը օրինակ պետք է իր ծանրակշիռ ներկայությունն ունենար Հայաստանի ռազմա-քաղաքական վարքագիծը մշակելու հարցում ոչ միայն զինվորական հանձնարարականներով, այլ նաեւ դրանց հիման վրա արվող քաղաքական ռեգիոնալ վերլուծություններով, դրանք ընդ որում իրենց զգալի մասով (բնական է, որ լինելու է փակ բովանդակություն) հասանելի դարձնելով ոչ միայն հայաստանյան քաղաքական խմբերին, այլ նաեւ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններին: Արցախի առաջին պատերազմի հաղթանակից հետո պետական ընթացքում հայկական գեներալակազմը կարծես թե առավելապես մնացել է «դաշտային» գործառույթի եւ առաքելության շրջանակում, չդառնալով պետության մեջ բավականին ուժեղ ռազմա-քաղաքական բեվեռներից մեկը: Այդ բեվեռը իհարկե վեր պետք է լինի ներքին քաղաքական պայքարից, բայց հենց դրանով է, որ պետք է լիներ ներքին քաղաքական սուբյեկտների համար ընդհանուր ուղենշող գործոններից մեկը: Ավելին, դա թույլ չի տրվել նաեւ քաղաքական իշխանությունների ջանքով, որովհետեւ այդ դեպքում իրենք օպետք է ենթարկվեին պատերազմող երկրի զինվորականության հրամայականներին, ոչ թե հակառակը:
Բարձրագույն զինվորականության ռազմա-քաղաքական բեվեռի ձեւավորման խնդիրը Հայաստանի համար կա այժմ էլ, որովհետեւ մենք դարձյալ չավարտված պատերազմի ռեգիոնալ ռեժիմում ենք եւ այդ ռեժիմում մենք պետք է ձեւավորենք մեր բարձրագույն զինվորականության ռազմա-քաղաքական ինտելեկտուալ բեվեռը: Հենց դրա համար էլ կարեւոր է, որ ԳՇ այսօր առավելագույնս հեռու մնա ներքաղաքական անորակ գործընթացների որեւէ նժար կամա, թե ակամա ծանրացնելուց, որը կարող է միմիայն խանգարել այդ խնդիրը լուծելուն:

Ձեզ կհետաքրքրի...