ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են հայ ռազմագերիներին Ադրբեջանից վերադարձնելու քայլերը

Germaniai despan

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։

Դեսպանին է ներկայացվել Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների և պատերազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն: Հատկապես կարևորվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելուն ուղղված քայլերը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեսպան Միխայիլ Բանցհաֆին ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքը և նշել, որ պատերազմից ի վեր այդ անձանց իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք էլ բավարարվել են ՄԻԵԴ-ի կողմից:

Կարևորվել է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից գերեվարված անձանց հարցի մասին քննարկման հանգամանքը:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի արձանագրած արդյունքների և հետագա անելիքների մասին քննարկում: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը ամփոփ ներկայացրել է այդ ուղղությամբ կատարված աշխատանքները: Դեսպան Միխայել Բանցհաֆն առաջարկել է իր աջակցությունն այդ գործընթացում:

Ձեզ կհետաքրքրի...