Իմ աչքերը բաց էր, բայց Վիգենի աչքերը փակել էին, մտածեցի, թե մեզ ողջ-ողջ այրելու են. Մարալ Նաջարյան
Այսօր Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյան, ով արդեն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ, զրույց է ունեցել «Շանթ» ՀԸ-ի հետ: Նա ներկայացրել է մանրամասներ գերի ընկելու մասին:
«Շուշի հասանք, մեր շուրջը զինվորներ եկան, հարցրին, թե որտեղից ենք, պատասխանեցինք՝ Երևանից ենք գալիս, Վիգենի իրերը Շուշիի հյուրանոցում են, պետք է վերցնենք, ասացին՝ անձնագիրը տվեք, վերցրին, հեռախոսները, դրամապատակը, մեքենայի բանալին վերցրին, մեզ իջեցրին, ասացին՝ այստեղ սպասեք, եթե տեսնենք, որ խնդիր չունեք մեզ հետ, հետ կուղարկենք Երևան:
Երբ հեռախոսը միացրին, Վիգենի կամավոր ժամանակվա նկարը տեսան, ասացին, որ մեզ չենք կարող թողնել, տեռորիստ ենք: Վիգենին ծեծեցին, հետո մեզ «Ջիպ» նստեցրին ու Ադրբեջան տարան: «Ջիպի» մեջ բալոններով գազեր կային, դռներն ու պատուհանները փակեցին: Իմ աչքերը բաց էր, բայց Վիգենի աչքերը փակել էին, մտածեցի, թե մեզ ողջ-ողջ այրելու են»,- պատմեց նա:
Նա նշեց, որ շատ էր վախեցել այդ ժամանակ, հույս չուներ, որ ողջ կմնա: «Բայց նորից Աստծուն աղոթում էի, ասում ՝ Աստված ուժ ու կարողություն տուր, որ դիմանամ, ես քեզ եմ վստահում: Ինձ բացարձակ չեն ծեծել: Նորմալ էին վարվում հետս, չէի ասի՝ շատ լավ, բայց նորմալ»: