Արա Այվազյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը: Ստորև ներկայացված է հարցազրույցի տեքստն ամբողջությամբ:
Հարց. Այժմ Աբու Դաբիում տեսակապի միջոցով կապ ենք հաստատում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Ողջունում ենք Ձեզ։ Նախ՝ որո՞նք են ՀՀ նախագահ Սարգսյանի՝ հրամանագիրը չստորագրելու պատճառները:
Արա Այվազյան. Շնորհակալություն, իրապես հաճելի է այստեղ գտնվել: Իհարկե, գիտեք, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որն իր հետևանքներն է ունեցել նաև Հայաստանի ներքաղաքական դրության վրա: Այժմ մենք բախվում ենք ներքին դժվարությունների, բայց ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը, գուցե ոչ կատարյալ, սակայն ժողովրդավարական երկիր է: Վերջին տարիներին այս առումով մենք նշանակալի ձեռքբերումներ ենք ունեցել։ Մենք ընտրել ենք զարգացման հենց այս ուղին, և չենք պատրաստվում հետքայլ կատարել դրանից: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործընթացներին, ապա դրանք խստագույնս համահունչ են Սահմանադրության դրույթներին: Իմ համոզմամբ՝ ներկայիս դժվարությունները կարող են հաղթահարվել երկխոսության, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հասարակության համախմբման և միասնականության միջոցով՝ հանուն մեր պետական և ազգային շահերի պահպանության և պաշտպանության:
Հարց. Պարոն Այվազյան, Դուք ասացիք, որ Արցախի ստեղծված իրավիճակն է պատճառ հանդիսացել Հայաստանում քաղաքական ճգնաժամի և հեղաշրջման փորձի համար։
Արա Այվազյան. Իհարկե, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան Հայաստանում ներքին կայունության վրա, սակայն ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ:
Հարց. Եթե հեղաշրջման փորձ չէր, ապա ի՞նչ էր դա, պարոն նախարար:
Արա Այվազյան. Դա Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր։ Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս առնչությամբ նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրներ և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան: Եվ Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարություն, իսկ ներկայիս իրավիճակը, ինչպես ասացի, կհարթվի մեր հասարակության ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
Հարց. Պարոն նախարար, Հայաստանը հայտարարել է, որ առանց Թուրքիայի աջակցության` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի չէր հասնի։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունն այս ճգնաժամում։
Արա Այվազյան. Գաղտնիք չէ, որ Թուրքիան մեր տարածաշրջանում ունեցել և շարունակում է ունենալ ծայրաստիճան ապակայունացնող դեր: Այդ դերը բացահայտ կերպով արտահայտվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին 44-օրյա ագրեսիայի ընթացքում. այդ երկիրը ոչ միայն պարզապես աջակցում էր Ադրբեջանին, այլև այս ագրեսիայի ողջ ընթացքում ուղղակիորեն ներգրավված է եղել ռազմական բոլոր գործողություններում և այս ագրեսայի փուլերում` ծրագրումից մինչև տեղում ռազմական գործողությունների իրականացում: Թույլ տվեք հիշեցնել, որ մինչ լայնամասշտաբ պատերազմը Թուրքիան Ադրբեջանի հետ միասին զորավարժություններ էր անցկացրել՝ թուրքական օդուժի ներգրավմամբ: Այդ երկիրը դիմեց ոչ սովորական գործիքակազմի. իր ծավալապաշտական քաղաքականության նպատակով մեր տարածաշրջան արտահանեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների:
Պատերազմում Թուրքիայի կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավումն արդեն իսկ հայտնի փաստ է, որը հաստատվել է միջազգային մամուլի, համաշխարհային առաջնորդների, բազմաթիվ միջազգային մարմինների կողմից, ինչպիսին է ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը: Դա հաստատվել է նաև ձերբակալված ահաբեկիչների կողմից, ովքեր բացահայտել են ողջ շղթան՝ հավաքագրումից մինչև իրենց տեղափոխումը տարածաշրջան:
Հարյուր վեց տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, սակայն Թուրքիան շարունակում է Հայաստանի դեմ նոր վայրագությունների ուղղորդումը՝ այժմ նաև մեր տարածաշրջանում:
Սակայն Հարավային Կովկասը Թուրքիայի միակ թիրախը չէ: Աշխարհը շարունակաբար ականատես է եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և այժմ Հարավային Կովկասում: Անպատժելիությունը խրախուսում է նոր հանցագործություններ, և այս խոսքերը լիովին բնութագրում են Թուրքիայի վերաբերմունքն ու դիրքորոշումն իր հարևանների նկատմամբ:
Հարց. Պարոն նախարար, Դուք խոսեցիք Լեռնային Ղարաբաղի ճգնաժամում Թուրքիայի դերի մասին և ասացիք, որ Թուրքիան էր ապահովում ահաբեկիչների ներկայությունը հակամարտությունում: Թուրքիան հիմա՞ էլ է շարունակում իր այդ դերակատարությունը։
Արա Այվազյան. Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան այժմ պնդում են, որ հակամարտությունը լուծված է՝ փորձելով ներկայացնել ուժի կիրառումը որպես արդյունավետ և լեգիտիմ միջոց հակամարտությունների լուծման համար։ Ես կցանկանայի ընդգծել, որ սա շատ վտանգավոր նախադեպ է միջազգային հարաբերություններում հակամարտությունների լուծման համար։ Այժմ մենք իրարամերժ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Անկարայից, և հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր ընդհանուր անցյալը՝ ժամանակն է, որ չառաջնորդվենք ուղերձներով, այլ իրական գործողություններով։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որպեսզի Թուրքիան փոխի իր ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
Ինչ վերաբերում է օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին և վարձկաններին, որոնք արտահանվել և տեղափոխվել են մեր տարածաշրջան, կարծում եմ, որ դա միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիր է, որը պետք է լուծում ստանա միջազգային հանրության միանշանակ դիրքորոշման միջոցով։ Զինյալ ահաբեկիչներն ու վարձկանները պետք է դուրս բերվեն մեր տարածաշրջանից։
Հարց. Պարոն նախարար, արդյոք Հայաստանը համարո՞ւմ է, որ միջազգային հանրությունը ջանք չի խնայում Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար:
Արա Այվազյան. Նախևառաջ, Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար, և ոչ էլ հնարավորություն՝ տարածաշրջանային համագործակցության համար: Հայաստանը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի հովանու ներքո: Մենք պետք է հասցեագրենք առկախված առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Թույլ տվեք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը տարածքային վեճը չէ. այն հազարամյակներ Արցախում բնակված բնիկ հայ բնակչության գոյության մասին է։ Հակամարտությունը ինքնորոշման և իրենց ճակատագիրը տնօրինելու օրինական իրավունքի մասին է։ Ուստի մենք պետք է հասցեագրենք այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից բխում է նաև Արցախի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանը և Թուրքիան պետք է հստակ գիտակցեն, որ ներկայիս ստատուս քվոն, որը ագրեսիայի և ապօրինի ուժի կիրառման հետևանք է, ոչ կայուն է և ոչ էլ ընդունելի տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար։
Շնորհակալություն: