Մեր երկրում լավ բաներ չեն սպասվում. Մովսես Հակոբյան. «Իրավունք»
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ելույթ է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ու նրա անդամ երկրներին հրավիրել՝ «օգտագործել Զանգեզուրի միջանցքը»: Արդյոք Ալիևը կարո՞ղ է իրագործել իր այդ ցանկությունը, «Իրավունքը»» փորձեց հետաքրքրվել ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից։
Վարչապետը պետությունը և բանակը քայքայելու նպատակից համառորեն հետ չի կանգնում
Ալիևը ասում և անում է այն, ինչ ցանկանում է, և չի հանդիպում դիմադրության: Ավելին ասեմ՝ քանի էս կառավարությունն ունի Հայաստանի Հանրապետությունը, Ալիևն ինչ ցանկանա, էն էլ կիրագործի, իսկ ո՞վ է կասկածում: Մի օր էլ կարող է Ալիևի սիրտը ՀՀ վարչապետի աթոռին նստել ուզի, ու էս իշխանությունները վազելով այդ ցանկությունն էլ կկատարեն: Մի մոռացեք, որն ամենակարևորն է՝ Ադրբեջանը բացի ցանկությունից, ունի հնարավորություն: Իսկ մե՞նք… մենք չգիտեմ ինչ ունենք, առհասարակ մենք վաղը-մյուս օրը կարող է աշխարհի երեսին որպես ազգ էլ չհիշվենք, այ էդքան ցավալի է մեր ազգի վիճակը:
Պարո՛ն Հակոբյան, ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը հայտարարությունից հետո չգնաց և տեղում չձերբակալեց Փաշինյանին և մեղավորներին, եթե նրանց, ըստ էության, մեղադրում է դավաճանության մեջ:
Օնիկը նման լիազորություններ չունի:
Բայց հեղինակավոր իրավաբաններ են փաստում, որ նա օրենքի ուժով օժտված է նման լիազորություններով:
Ես եղել եմ չէ՞ այդ պաշտոնում, հիմա ի՞նձ եք խոսեցնում: ԳՇ պետը նման լիազորություններ չունի՝ վարչապետին ձերբակալելու, դա օրենքից դուրս բաներ են ասում:
Իսկ ի՞նչ կասեք նոր ԳՇ պետի թեկնածուի՝ Արտակ Դավթյանի մասին:
Նոր ԳՇ պետ նշանակելն առհասարակ նշանակում է, որ վարչապետը պետությունը և բանակը քայքայելու նպատակից համառորեն հետ չի կանգնում: Ցանկացած ճանապարհով գնում է՝ բանակի քայքայման գործընթացն ակտիվացնելու համար: Նրա համար դա արդեն հիվանդություն է:
Բանակայինները արդյոք կենթարկվե՞ն վարչապետի քմահաճույքներին:
Ցավոք, մեր բանակում ծառայում են այնպիսի սպաներ, ովքեր գտնում են, որ իրենք, իրենց պարտականությունները կատարելով և չընդվզելով, ծառայում են պետությանը: Բայց սա այդ պարագան չէ, պարոնա՛յք սպաներ, այսօր պետության ղեկավարի վարած քաղաքականությունն աղետաբեր է:
Արտակ Դավթյանի մեղավորությունը տեսնո՞ւմ եք այս պատերազմի ելքի մեջ:
Արտակ Դավթյանի մեղավորությունը մինչև պատերազմը բանակի նախապատրաստման մեջ է: Իսկ բուն պատերազմի ընթացքի մեջ Արտակ Դավթյանը մեղավորություն չունի: Նա ոչ միայն բանակը պատշաճ չի նախապատրաստել, այլ հակառակ ուղղությամբ է տարել: Ամփոփելով խոսքս՝ կասեմ հետևյալը. ինչ-որ իրականացրել է Արտակ Դավթյանը վարչապետի հետ միասին բանակի հանդեպ, ես իմ խոսքի մեջ ասել եմ և այն կարծիքին եմ, որ նրանց վերջնական նպատակը Զինված ուժերի և պետության քայքայումն է: էսքանը կարող եմ ասել: Ասեմ, որ մեր երկրում լավ բաներ չեն սպասվում՝ եթե էս տեմպերով գնա»: Այս մասին գրում է «Իրավունք» թերթը :