Եթե 18-30 տարեկան եք և մասնակցել եք պատերազմին, կարող եք դիմել այս ծրագրին և մասնագիտական անվճար կրթություն ստանալ

Veramasnagitacum

 Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիան սոցիալական պատասխանատվության շրջանակներում նախաձեռնել է «Նոր էջ» ծրագիրը, որով նախատեսվում է հնարավորություն տալ պատերազմի մասնակիցներին անվճար հմտանալ որոշ մասնագիտություններում և պատրաստվել աշխատաշուկա դուրս գալուն։

Ո՞վքեր են շահառուները

Արցախյան վերջին պատերազմին մասնակցած 18-ից 30 տարեկան երիտասարդներն են, որոնք «ուզում են զարգացնել հմտություններ–գիտելիքներ ու մտնել աշխատաշուկա»։ Ասոցիացիայի ղեկավար Արփի Կարապետյանի խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվում, եթե կան «աշխատունակության հետ խնդիրներ կամ պոստտրավմատիկ սինդրոմի ախտանշաններ»։

Շահառու դառնալու համար պետք է անցնել այս հղումով և գրանցվել։ Կարող են գրանցվել նաև նրանք, ովքեր ունեն զինգրքույկի հետ կապված խնդիրներ, սակայն մասնակցել են պատերազմին։

Ի՞նչ են առաջարկում շահառուներին

Անվճար կրթական նախագծեր՝ շահառուի նախընտրած մասնագիտացմամբ։ Իսկ եթե դիմողը չունի կողմնորոշում, նրան օգնելու են ընտրել ոլորտը։ Այնուամենայնիվ, ծրագիրը շահառուներին չի խոստանում ապահովել աշխատանքով։ «Մենք ասում ենք՝ ձեզ կտանք այն հմտությունները և գիտելիքները, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկային, մնացածն արդեն գործատու–աշխատող հարաբերությունների դաշտում է»,– ընդգծում է Արփի Կարապետյանը՝ միաժամանակ նշելով, որ իրենք փորձում են դյուրացնել նաև այդ գործընթացը։

Նրա խոսքով՝ իրենք հարցումներ են անում նաև գործատուների շրջանում՝ պարզելու՝ ինչ հաստիքներ ունեն, որ պատրաստ են որպես սոցիալական պատասխանատվություն տրամադրել ծրագրին։

«Այսինքն՝ եթե գործատուն փնտրում է աշխատակից, մենք նրան կարող ենք տալ այդ աշխատակցին։ Սա նաև քարտեզագրում է՝ երկու տվյալների համադրման խաչմերուկում մենք դուրս ենք բերում պատկեր, թե որ մարզում ինչքան զինվոր և ինչպիսի պահանջներով աշխատատեղեր կան»,– ճանապարհային քարտեզը բացատրում է Կարապետյանը։

Ինչպե՞ս

Տվյալների բազան հավաքելուց և գնահատում անելուց հետո կազմակերպվելու է ուսուցման փուլը, որի համար արդեն հավաքագրվում են թրեյներներ, մենթորներ և վարպետներ։ Այդ փուլը կմեկնարկի ամենաշուտը գարնան կեսերին։


Ծրագրի հեղինակները նշաձող են սահմանել՝ ներգրավել 1000 մասնակցի, սակայն այս պահին արդեն 1040 գրանցված կա, որոնց հետ արդեն անհատական հարցազրույցներ են արվում։ Իսկ գործատուների նշաձող է սահմանվել 500–ը, այս պահին գրանցվել է 105–ը, թեև դիմել են 1811 կազմակերպության։ Հետաքրքրված ընկերությունները կարող են գրանցվել հետևյալ հղումով։ Ծրագրի շրջանակներում երիտասարդներին ուսուցանելու և կրթելու պատրաստ մասնագետները կարող են գրանցվել այս հղումով։ Արդեն դիմել է 98 թրեյներ։

«Նոր էջ» ծրագրի հովանավորը «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է։

 

razm.info

Ձեզ կհետաքրքրի...