ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՄԱՆԵՒՐԵԼՈՒ ՏԵՂ ԱՅԼԵՒՍ ՉՈՒՆԻ․ ՍՅՈՒՆԵՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Manevrelu tegh

 Հայաստանում ներքաղաքական խորը ճգնաժամը շարունակվում է ու չնայած այս ամենին, իմքայլականները չեն ցանկանում հրաժարվել վարչապետի աթոռից։

Անհասկանալի է նաև, թե նախագահը՝ որպես պետության գլուխ ու Սահմանարդրությանը հետևող բարձրաստիճան պաշտոնյա, ի վերջո ինչ քայլերի կդիմի գոնե այս իրավիճակն ինչ-որ կերպ փոփոխելու համար։ Նախագահն ընտրել է բավականին իներտ կեցվածք, որն էլ ավելի անըմբեռնելի է դարձնում ստեղծված իրավիճակի իրական հանգուցալուծումը։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանի հետ։ 

— Տիկի՛ն Գրիգորյան, փետրվարին 27-ին անկախ պատգամավորներով հանդիպել էիք նախագահի հետ։ Ի՞նչ տպավորություն ստացաք հանդիպումից։ Ըստ Ձեզ՝ նախագահը գործո՞ւմ է որպես պետության գլուխ, որպես Սահմանադրությանը հետևող անձ։

— Նա հանդիպումներ էր անցկացնել խմբակցությունների հետ, հետո որոշել էր անկախ պատգամավորների հետ հանդիպել։ Հանդիպումից ինձ մոտ տպավորություն էր, որ պրոտոկոլային բնույթ է կրում։ Այսինքն՝ ինքը բոլորին ցանկացել էր լսել։ Բայց, համենայն դեպս, այն կարծիքը, որ անկախ պատգամավորների մեծամասնությամբ հանդիպման ընթացքում հայտնեցինք, այնուհետև չարտացոլվեց իր իսկ կայացրած որոշման մեջ։ Այսինքն՝ մենք ասում էինք, որ Օնիկ Գասպարյանին պետք է սատարել, և չպետք է թողնել, որ նա հեռանա։ Այսինքն՝ հենց ազատման հրամանը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան հետագայում։ Բայց մենք տեսանք, որ նախագահն այդ քայլով չգնաց։ Ինձ մոտ տպավորություն է, որ նախագահն իրեն առհասարակ դուրս է թողնում բոլոր գործընթացներից։ Շատ իներտ, կրավորական կեցվածք է դրսևորում։ Հավանաբար ինչ-որ պայմանավորվածություններ կան ուժերի և վարչապետի հետ։ Տեսնենք՝ ընթացքն ինչպես կդասավորվի։

— Ձեր հնչեցրած գնահատականներով նկատի ունեք նախագահի բոլոր գործողությունները մինչեւ այսօ՞ր նաև։

— Դե, տեսեք, պատերազմից հետո նախագահն իր կարծիքն է հայտնել, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։ Իսկ եթե դու մտածում ես, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, և նրա հետագա պաշտոնավարումը մեծ վնաս է կարող հասցնել երկրին, դու չես կարող բանակի նկատմամբ նման հարվածները տանել։ Չէ՞որ մեր բանակը, մեր զինված ուժերը տարածքային ամբողջականության և պաշտպանության երաշխավորն են։ Եվ դու, ըստ էության, պետք է պաշտպանես բանակի, այս դեպքում՝ զինված ուժերի Գլխավոր շտաբի վրա եկած հատվածը։ Հետեւաբար, կարծում եմ, որ առհասարակ մեր երկրում որոշում կայացնողների դեֆիցիտ կա։ Եվ նախագահը, ըստ էության, պետք է լիներ մի մարդ, որ պետք է որոշում կկայացներ, որն ավելի ճիշտ հունով կտաներ մեր երկիրը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և նրա պաշտպանողականության բարձրացման, իրեն այդպես չդրսևորեց։ 

— Ի՞նչ կտրուկ քայլի պետք է դիմեր։

— Երբ որ ազատման հրամանը երկրորդ անգամ կառավարությունից ետ եկավ, ինքը պետք է ուղարկեր Սահմանադրական դատարան։ Նույն Արտակ Դավթյանի պատմությունը. ինքը [նալագահը] որևէ բան չարեց, հիմա իրավունքի ուժով Արտակ Դավթյանը կնշանակվի Շտաբի պետ, ճի՞շտ է։ Այսինքն՝ նա նորից իրեն այդ ամբողջ գործընթացից դուրս է թողնում և թողնում է, որ այս պահին իշխանությունների կողմից ներկայացված բոլոր պահանջներն իրականություն դառնան։

— Այն, որ նախագահը մարտի 13-ին «Հայրենիքի փրկության շարժմանը», «Լուսավոր Հայաստանին», «Բարգավաճ Հայաստանին» հրավիրեց հանդիպման։ Երեկ հանդիպեց Լիլիթ Մակունցի ու Փաշինյանի հետ։ Այս մասով ի՞նչ գնահատականներ ունեք։ 

— Դե տեսաք, հանդիպումը [բոլոր ուժերի համատեղ մասնակցությամբ] չկայացավ, թեև առանձին հանդիպումներ տեղի ունեցան Մակունցի հետ էլ, Էդմոն Մարուքյանի հետ էլ։ Հատկանշական է, որ իրենց հետ հանդիպումներից հետո երկուսն էլ խոսել են կարճ ժամանակահատվածից հետո արտահերթ խորհրդարական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Մենք ամեն դեպքում, իմ առաջնային տպավորությամբ, գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ 

— Տեսեք, նոյեմբերից երբ սկսվեցին ներքաղաքական թեժացումները, իմքայլականները խոսեցին արտահերթ ընտրություններից, Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, բայց մի որոշ ժամանակ հետո «Իմ քայլը» հայտարարություն տարածեց, որ հանրության շրջանում այդպիսի պահանջ չկա։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ թեման էլի սկսեն քննարկել, քննարկել ու հետո այսպիսի հայտարարություն տարածեն և նորից խուսափեն արտահերթ ընտրություններից։

— Այս անգամ, Գլխավոր շտաբի տարածած հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ օղակն այնքան է սեղմվել, որ մանևրելու և խուսափելու տեղ ինքն այլևս չունի։ Տեսեք, Էդմոն Մարուքյանը, որ խոսում էր միջանկյալ կառավարության և հետո արտահերթ ընտրությունների մասին, ասում է, որ այլևս կարելի է փակված համարել այդ թեման, որովհետև հնարավոր չեղավ անել դա։ Ու մենք պետք է մտածենք որպես միակ ելք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում ասաց, որ օր առաջ պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրությունները։ Հետևաբար երկու խմբակցություն իր հստակ դիրքորոշումն է հայտնել։ Եվ կարծում եմ, որ ամեն դեպքում մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ 

— Այլ պատգամավորների հետ քննարկե՞լ եք արտահերթ ընտրությունների հարցը, նաև այլ ուժերի հետ, թեկուզ Հայրենիքի փրկության շարժումը ներկայացնող, խորհրդարանական ուժերի՝ «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճ Հայաստանի» հետ։

— Անձամբ որևէ մեկի հետ քննարկում չեմ ունեցել ո՛չ խորհրդարանի ներսում, ո՛չ արտախորհրդարանական ուժերի հետ։ Բայց նորից եմ ասում, քաղաքական գործընթացների տրամաբանությունն ինձ թույլ է տալիս պնդել, որ մոտ ապագայում կգնանք ընտրությունների։ Իհարկե, մեկ այլ հարց է, թե որքանով նորմալ ընթացք կստանան այդ ընտրությունները, առհասարակ այդ ընտրություններն ինչի մասին են լինելու։ Որովհետև իշխանությունները խոսելու են նախկինների մասին, «նախկինաֆոբիան» են առաջ տանելու և մարդկանց փորձելու են բացատրել, որ «այս արհավիրքի հիմնական մեղավորներն ու հիմնական պատճառները կարելի է գտնել նախկին իշանությունների կառավարման տարիներում»։ Իսկ մյուս ուժերի ներկայացուցիչները փորձելու են «դավաճան» և այլն։ Ենթադրում եմ, որ  «իրարակերության» մթնոլորտում են անցնելու ընտրությունները։ Մինչդեռ գտնում եմ, որ պետք է բոլոր քաղաքական ուժերը, որ կողմում էլ գտնվեն, լուծումներ առաջարկեն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

— Այսինքն՝ Դուք պատկերացնո՞ւմ եք ընտրություններ Փաշինյանի վարչապետության օրոք, թե՞ պնդում եք, որ ժամանակավոր կառավարություն ստեղծվի։ Փաշինյանի օրոք ինչպե՞ս կանցնեն ընտրությունները։

— Իմ կարծիքով, իհարկե, լավագույն տարբերակը կլիներ, եթե մենք ունենայինք միջանկյալ կառավարություն և հետո գնայինք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Որովհետև այս դեպքում [իմքայլականների իշխանության օրոք] վիճարկելի են լինելու ընտրության արդյունքները, ամեն դեպքում։ Դուք տեսնում եք, թե ինչ վարչական ռեսուրս էր կիրառվել մարտի 1-ի հավաքի ժամանակ։ Հետևաբար, մտածել, որ վարչական ռեուրսի կիրառում չի լինելու, իշխանությոան կողմից այլ ներգործություն չի լինելու, միամտություն է։ Բայց նորից եմ ասում, այս ստեղծված իրավիճակում քաղաքական հիմնական դերակատարները, ովքեր որոշում են կայացնում՝ խորհրդարանական ընդդիմությունը և այլն, այսօր հակված են նրան, որ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Իսկ նման պարագայում ի՞նչ է նշանակում․ որ մոտ ապագայում վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, երկու անգամ նրան չպետք է ընտրեն, խորհրդարանը ցրվում է, և գնում ենք արտահերթ ընտրությունների, այսինքն՝ վարչապետի պաշտոնավարմամբ։

— Կառաջադրվե՞ք ընտրություններում, ո՞ւմ հետ եք պատրաստ համագործակցել։

— Այս պահին որևէ մեկի հետ քննարկում չունեմ։ Հետո, առաջադրվելը և առհասարակ քաղաքական գործընթացներում ներգրավվելն ինձ համար ինքնանպատակ չէ։ Այսինքն՝ եթե գոյություն ունենա մի ուժ, որ կխոսի լուծումների մասին կամ գոնե ինձ համար արժանահավատ կլինեն նրա դիրքորոշումները, միգուցեև միանամ։ Բայց հիմա խոսել որևէ համագործակցության մասին, տեղին չէ, որովհետև այն պարզապես գոյություն չունի։

— Սյունիքում ի՞նչ տրամադրություններ են, Դուք նաև մասնակցել եք Շուռնուխում դրոշի բարձրացման արարողությանը վերջերս։

— Այո, իհարկե։ Շատ խորհրդանշական էր։ Դե գիտեք, սյունեցիները շատ պինդ են, շատ ամուր են։ Սահմանամերձ բնակավայրեր եմ հիմնականում այցելում, այնտեղ ժողովուրդն, իրականում, ինձ ավելի է ոգեշնչում։ Որովհետև եթե մարդիկ իրենց մեջ ուժ են գտնում այնտեղ ապրելու, և որևէ մեկը չի մտածում այնտեղից դուրս գալու մասին, ապա մենք այստեղ էլ լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ մարդկանց կյանքն ավելի լավը և ավելի հարմարավետ դարձնենք։ Իմ անձնական շփումների արդյունքում կարող եմ ասել, որ զգալի հատվածը կողմ է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Բայց միևնույն ժամանակ չեմ հերքում, որ կան մարդիկ, ովքեր դեռ սատարում են իշխանությանը։ Տպավորությունս (կոնկրետ Սյունիքում իմ շփումների մասին եմ ասում) այն է, որ մարդիկ ուղղակի հոգնել են քաղաքականությունից։ Այլևս քաղաքական գործիչներին, ուժերին չեն հավատում։ Ուզում են լսել կոնկրետ քայլեր, օրինակ՝ ինչպե՞ս է պետք Սյունիքում անվտանգությունն ապահովվի։ Եթե պետք է գան-ասեն՝ «Նիկոլն է մեղավոր այս ամեն ինչում», դե հասկացանք։ Իսկ հաջորդ քայլն ի՞նչ է լինելու, հաջորդիվ ի՞նչ ենք անելու, որ ապահովենք Սյունիքի անվտանգությունը․ մարդիկ ուզում են նման բաներ լսել։ Այսինքն՝ նրանք լուծումներ են ուզում լսել՝ անկախ քաղաքական իրարակերությունից։ Բայց նորից եմ ասում, իմ տպավորությամբ՝ մարդիկ կարծում են, որ իշխանությունները պետք է հեռանան։

— Իշխանական շրջանակները փորձե՞լ են Ձեր հանդեպ ճնշումներ գործադրել կամ Ձեզ հետ փորձե՞լ են ինչ-որ կոնտակտի դուրս գալ, իրենց կողմը գրավել։ 

— Եթե նրանց կողմից որևէ քայլ ձեռնարկված լիներ, ես այսօր չէի լինի խորհրդարանում կամ կլինեի «Իմ քայլը» խմբակցության ներսում։ Ինձ համար կան սկզբունքային կետեր, կարմիր գծեր, որոնցից այնկողմ չեմ անցնի։ Իսկ այդ կարմիր գծերն իմ երկիրն է, իմ հայրնենիքն, իմ պետակականությունը պահելն է։ Իրենց կողմը գրավել, միանշանակ՝ չէ, ոորվհետև շատ լավ են հասկանում, որ դա հնարավոր չի լինելու։ Շատ մեծ ճնշումների մասին չէի խոսի, գոնե իմ անձի նկատմամբ նման ճնշումներ չեն եղել։ Իմ մասով առանձնապես խնդիրներ չեն եղել, տեսնենք՝ ընթացքն ինչպես կդասավորվի։ 

 

hraparak.am

Ձեզ կհետաքրքրի...