Հետեւաբար, կամ Առաջին նախագահը իրականում չափազանց միամիտ է, կամ 2008-ին քաղաքականություն նրա վերադարձը եղել է որոշակի երաշխիքներով, որ այդ վերադարձը չի բախվի համակարգի կոշտ ուժին. Հակոբ Բադալյան

Badalyan
 Քանի որ հանրային աշխուժություն է առաջացրել Առաջին նախագահի արդեն հայտնի տեսակետը, հիշեցի 2008-ի մարտի 1-ի մի դրվագ: Առաջին հայացքից այսօրվա հետ կապ չունեցող: Այդ դրվագից հետո պարբերաբար մտածել եմ այդ հարցի շուրջ, բայց շատ քիչ եւ անուղղակի եմ բարձրաձայնել:
Մարտի 1-ի առավոտյան 11-ի մոտ լրագրողները հավաքվել էին Առաջին նախագահի տանը, որտեղ նա ասուլիս էր տալու՝ Ազատության հրապարակում լուսաբացին ցույցը ցրելուց հետո: Հասկանալի է, որ Առաջին նախագահը շատ մտախոհ էր, անտրամադիր: Մինչ ասուլիսի այսպես ասած պաշտոնական մեկնարկը, Տեր-Պետրոսյանը մի քանի բառ փոխանակեց լրագրողների հետ եւ ինձ մոտ տպավորվել էին նրա խոսքերը՝ «չեմ պատկերացնում, թե Ռոբերտն ու Սերժը ոնց են մարսելու այս ամենը»: Իմ տպավորությամբ, նա ավելի շատ բարձրաձայն ինքն իրեն են ասում: Եվ դարձյալ իմ տպավորությամբ՝ նա իր այդ հարցադրման մեջ անկեղծ էր, նրա դեմքին կար անկեղծություն, որ նա իսկապես չի պատկերացնում, թե ոնց են մարսելու:
Ուշադրություն դարձնենք, որ դա դեռ առավոտյան ցույցը ցրելուց հետո, երբ չկա զոհեր, չի եղել արյունահեղություն, այլ ուժի կոշտ կիրառում եւ ցրում, ու ձերբակալություններ:
Առաջին նախագահը փորձառու, շատ բան տեսած քաղաքական եւ պետական գործիչ է: Միթե՞ ունենալով պետական բարձրագույն իշխանության մոտ տասնամյակի, եւ հետնախագահական տասնամյակի փորձը, պատմությունը, տեղեկացվածությունը եւ այլն, նա կարող էր ունենալ միամտություն, թե 2008 թվականին իշխող համակարգը զերծ կմնար ուժի կիրառումից: Այն էլ, երբ համակարգը թերեւս իր ուժի գագաթննակետին էր: Այն էլ, երբ 2007 թվականի սեպտեմբերի 21-ի, եւ իր հետագա ելույթներում Տեր-Պետրոսյանը բավականին ճշգրիտ ներկայացնում էր համակարգի կառուցվածքը, բնույթը, վարքագծի մոտիվացիաները եւ այլն, այսինքն հիանալի ճանաչում էր, թե ինչ համակարգի հետ է գործը:
Դրան ավելացնենք եւ այն, որ Առաջին նախագահը, համեննայն դեպս նրա հանրային վարքագծից եւ մտածողությունից դատելով. բոլորովին արկածախնդիր գործիչ չէ, շատ զգուշավոր է եւ իրապաշտ: Հետեւաբար, ինչպե՞ս կարող էր նրա համար այդքան զարմանալի լինել ուժի կիրառումը եւ մարսելու հանգամանքը:
Հետեւաբար, կամ Առաջին նախագահը իրականում չափազանց միամիտ է, կամ 2008-ին քաղաքականություն նրա վերադարձը եղել է որոշակի երաշխիքներով, որ այդ վերադարձը չի բախվի համակարգի կոշտ ուժին: Հետո իհարկե նրա վերադարձով ստեղծվել է Հայաստանում մի իրավիճակ, որն արդեն քաջ հայտնի է բոլորիս: Թերեւս հռետորական հարցն այն է, թե որտեղի՞ց նա կարող էր ունենալ այդպիսի երաշխիքներ: Թե՞ այդուհանդերձ ուներ այդչափ միամտություն:
Այդ առումով էր նաեւ, որ Մարտի 1-ի տարելիցին նշել էի, որ մարդկային առումով մարտիմեկյան իրողությունը միարժեք ողբերգություն է, իսկ քաղաքական առումով դրա բնույթը բոլորովին միարժեք չէ:

Ձեզ կհետաքրքրի...