Մայրաքաղաքը կունենա շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց

Shaxmat
Մայրաքաղաքը կունենա շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց ♘♞♕♛
Մայրաքաղաքում կհիմնվի «Շախմատի Երևանի բարձրագույն վարպետության մարզադպրոց»: Այսօր կայացած նիստում ավագանին հավանություն տվեց համանուն ՀՈԱԿ ստեղծելու մասին որոշման նախագծին: Նախաձեռնության նպատակը՝ Երևանում գործող շախմատի 12 մարզադպրոցներից մեկի բազայի հիման վրա մարզաձևի բարձրագույն վարպետության մարզադպրոցի հիմնումն է և վերջինիս միջոցով ուսումնամարզական համապատասխան ծրագրերի մշակումը:
Նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշեց, որ մանկապատանեկան մարզադպրոցներն ավարտելուց հետո լավագույն մարզիկ-մարզուհիները այս դպրոցում ուսումնամարզական գործընթացի շարունակականության ապահովման հնարավորություն կստանան: Ի տարբերություն մանկապատանեկան մարզադպրոցի, որտեղ 10 տարվա ընթացքում կազմակերպվում է ուսումնամարզական գործընթաց 5-18 տարեկան մարզիկների համար, բարձրագույն վարպետության մարզադպրոցում ուսումնամարզական գործընթացը կտևի 5-7 տարի և նրանում կընդգրկվեն մինչև 25 տարեկան, անհատական բարձր գործակից ունեցող շախմատիստներ, որոնք Երևանի և Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի թեկնածուներ են: Սույն որոշմամբ հնարավորություն է ընձեռնվում անհատական բարձր գործակից ունեցող մարզիկներին հնարավորինս կատարելագործելու իրենց մարզական կարողությունները՝ ուսանելով շատ ավելի հմուտ ու համաշխարհային ճանաչում ունեցող մարզիչների մոտ:

Ձեզ կհետաքրքրի...