Դոհա-Երևան չվերթով Հայաստան ժամանելուց հետո ոստիկանություն է տեղափոխվել Սուրիկ Խաչատրյանի որդին. նա հետախուզվում էր. ARMTIMES COM

Surik Khachatryani tghan

 Armtimes.com-ի տեղեկություններով, գիշերը «ԶՎարթնոց» օդանավակայանից ոստիկանություն է տեղափոխվել Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

Ոստիկանությունն այս մասին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. 

«Մարտի 17-ին, ժամը 00.10-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին տեղափոխվել 26-ամյա Տիգրան Խ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Տիգրան Խաչատրյանը հետախուզվում էր 2018 թվականից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելուև կեղծ փաստաթղթերով Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ ընդունվելու համար:

Համաձայն ՔԿ հաղորդագրության,  Տ.Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ծնված` 23.06.1994 թվականին, կցագրում անցնելով Գորիսի զինկոմիսարիատում, ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող «նևրասթենիա» և «նևրասթենիա, չափավոր արտահայտված» ախտորոշմամբ եզրակացություններ, որոնց հիման վրա՝ 2014 թվականին երկու անգամ ստացել է տարկետում` համապատասխանաբար 5 ամիս և 3 տարի ժամկետներով։ Այնուհետև` նույն ճանապարհով 2017 թվականի ձմեռային զորակոչին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ այդպիսով խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթուղթ` 08.07.2010թ. թվագրմամբ ԱԱ սերիայի 460497 համարի ատեստատ ձեռք բերելու վերաբերյալ, որն օգտագործելով՝ 2010 թվականին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ։

Բավարար ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ Տ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քննությամբ հնարավոր չի եղել պարզել մեղադրյալ Տ.Խաչատրյանի գտնվելու վայրը, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...