Թուրքիայի ԱԳՆ. «Հավատում ենք, որ Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը կշարունակի տարածաշրջանին օգուտ բերել»
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) 1921 թվականի մարտի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) հետ կնքված «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են նույն արդյունավետ երկխոսությունն ու համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, ինչպես դա անում էին հարյուր տարի առաջ:
Անկարան վստահ է, որ առաջիկայում նման համագործակցությունը կնպաստի ոչ միայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններին, այլ նաև տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։
«Վերոնշյալ փաստաթուղթը, որը հիշատակվում է մեր ընդհանուր պատմության մեջ որպես Մոսկվայի պայմանագիր, կարևոր տեղ է զբաղեցնում թուրք-ռուսական հարաբերություններում», — նշված է Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մեկ տարի անց ստորագրված համաձայնագրի քաղաքական նշանակության վրա այդ պատմական ժամանակահատվածի ընդհանուր համատեքստում:
«Ի թիվս այլ բազմաթիվ հետևանքներիч փաստաթուղթն ունեցավ նաև իրավական հետևանքներ, որոնք մինչ այժմ մնում են արդիական», — ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։