«Որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը». Ռուստամ Բադասյան
Հայաստանում նախատեսվում է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը, 20 քննիչներ ժամանակավորապես կնշանակվեն ստեղծվելիք Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ:
Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացնելով Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցում առաջին ընթերցմամբ ընդունումից հետո փոփոխություններ են կատարվել:
«Իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: Կոռուպցիոն հանցագործություններով նախաքննությունը և գործերի բաշխումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով, նախագծով, որպես ժամանակավոր լուծում, սահմանվել է, որ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի»,- ասաց Բադասյանը:
Մրցութային կարգերի հաստատումից հետո ՀՔԾ քննիչներն այլ անձանց հետ հավասար պայմաններում պետք է մասնակցեն մրցույթի: Ենթադրվում է, որ ՀՔԾ-ի մյուս քննիչները պետք է այլ քննչական ծառայություններում քննիչի պաշտոններ զբաղեցնեն:
Նախատեսվում է, որ մինչև հոկտեմբերի սկիզբ կձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտեն:
Անդրադառնալով նախագծում կատարված այլ փոփոխություններին՝ Բադասյանը հայտնեց, որ որոշվել է օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց կարգավիճակի հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել առանձին ծառայության տեսակ, այն է՝ ծառայություն հակակոռուպցիոն կոմիտեում: Վերանայվել են կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը և պաշտոններին ներկայացվող պահանջները:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհրդի առաջարկած 3 թեկնածուների շրջանակից նշանակելու է կառավարությունը՝ նախկինում սահմանված վարչապետի փոխարեն: Նախագիծը փոփոխություններով ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: