Մինչև օգոստոս խորհրդարանը իրավական ուժ կունենա.ժամկետներ ընտրություններից առաջ.«Ժողովուրդ»

xorhrdaran

 «Առաջիկա օրերին Հայաստանում կվերացվի ռազմական դրությունը: Դա անհրաժեշտ է առաջին հերթին հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար:

Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածը սահմանում է. «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ընտրություններ»:

Իսկ Սահմանադրության հոդված 119-ն էլ սահմանում է. «Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը»: Միեւնույն ժամանակ, ռազմական դրությունը կարող է վերացվել հենց կառավարության որոշմամբ: Իսկ հիմա խոսենք ընտրությունների հետ կապված այլ ժամկետների մասին.

Սահմանադրության 90-րդ հոդվածը սահմանում է. «Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:

Այսինքն՝ մինչեւ օգոստոս այս խորհրդարանը դեռ իրավական ուժ կունենա: Հոդված 158-ն էլ սահմանում է, թե որքան ժամանակ դեռ կառավարության անդամները կմնան։ «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը»:

Այսինքն՝ կառավարությունը հրաժարական է ներկայացնելու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ, եւ ՀՀ ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ վարչապետի երկու անգամ չընտրվելու ժամկետը»։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը :

Ձեզ կհետաքրքրի...