«Նորք Մարաշ» ԲԿ բժշկի կողմից երեխային ծեծելու առնչությամբ նյութեր են նախապատրաստվում

brnutyun

 «Ֆեյսբուք»-ի օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովի կողմից հետազոտության համար այնտեղ գտնվող իր 4-ամյա երեխային ծեծի ենթարկելու մասին: «Արմենպրես»-ը պարզաբանումներ է խնդրել պատկան մարմիններից և ԲԿ-ի տնօրինությունից Մանե Ռաֆայելյանի գրառման առնչությամբ:

Մեզ հետ զրույցում «Նորք Մարաշ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Լենա Սիմոնյանն ասաց, որ երեխան հետազոտվելու ընթացքում հիստերիկ չարություն է արել և բժիշկն իր մասնագիտական պարտքը մինչև վերջ կատարելու նպատակով երեխային փորձել է սաստել: «Ցավոք, այդ ամենը հատուկ մեկնաբանության է արժանացել: Նման բարձր մակարդակի բժշկի մասին նման բաներ գրել, նման ձևով այդ ամենը մեկնաբանելը, չեմ կարծում, որ ճիշտ արարք է: Մենք, իհարկե, դատապարտում ենք, և չենք արդարացնում միջադեպը, որովհետև անընդունելի է նման արարքն անգամ սաստելու համար»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ԲԿ-ի տնօրենին ժամանակավորապես փոխարինում է ֆինանսական գծով փոխտնօրեն Հրայր Հակոբյանը, ով վարչական տույժ է կիրառել տվյալ բժշկի նկատմամբ: Լենա Սիմոնյանը նաև ասաց, որ իրենք զբաղվում են այդ հարցով: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը դեպքի առնչությամբ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց, որ իրենք դատապարտում և անընդունելի են համարում նման վարքագիծը:

«Մարտի 17-ին ոստիկանության կենտրոնական բաժնում ստացել ենք հաղորդում: Այս պահին նյութեր են նախապատրաստվում»,-նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Մանե Ռաֆայելյանը «Ֆեյսբուք»-ում գրել է, որ մարտի 17-ին իր 4-ամյա երեխային տարել են «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոց սրտի հետազոտության: Նրա խոսքով՝ մանկական սրտաբան Կարեն Կուրդովը երեխային ծեծել է և անգամ հետքեր են մնացել երեսին։ Ռաֆայելյանը հայտնել է նաև, որ բժիշկը նաև գոռացել է երեխայի վրա և քաշքշել նրան, ինչից էլ երեխան վախեցել էր:

24news

Ձեզ կհետաքրքրի...