Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց առաջին ընթերցմամբ:
Նախագծին կողմ քվեարկեց 80, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացնելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ առաջարկվում է ԲԴԽ-ին այսուհետ օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:
Այս լիազորության անհրաժեշտությունն այն է, որ ԲԴԽ-ն իր լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են, օրինակ՝ դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և այլ հարցերի հետ, երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերի:
Այդ գործառույթների իրականացման համար առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ: