ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻԵՐԸ. Արտակ Գալստյան

Troyakan dzier

 Դատարանը կիրառել է հայցի ժամանակավոր բավարարում և Օնիկ Գասպարյանը երեկվանից շարունակում է պաշտոնավարել որպես ԳՇ պետ և գնում է աշխատանքի։
Կառավարությունը հայտարարություն տարածեց, որ միևնույն է ԳՇ պետը հեռացված է, քանի որ սահմանադրությունը չի նախատեսում իրավունքի ուժով գործող ակտի շրջադարձ և իրենք շարունակում են Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու գործնթացը։
Փաստաբաններից մեկն էլ հայտարարեց, որ դատարանի որոշումը ապօրինի է, ընդհատյա չէ վարչական դատարանին և պետք է քննվի սահմանադրական դատարանում, որ դա քաղաքական որոշում է, և որպես իր փառահեղ մտքի հիմնավորում ներկայացրեց այն հանգամանքը, որ վերջինս 5 տարի աշխատել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում։
Գնանք հերթով՝
Կառավարություն՝ Աննա Վարդապետյան, Ռուստամ Բադասյան, երկու մտքի տիտաններ, դուք ընդհանրապես իրավաբանության հետ ծանոթ էք թե ոչ։ Անվճար խորհուրդ ձեզ, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Այ այս նորմն է, որ ոչ մի բացառություն չի նախատեսում և բացարձակապես էական չէ, թե մարդու իրավունքը խախտվել է իրավունքի ուժով թե անհատական կայացված ակտով, քանի որ ըստ նույն սահմանադրության 3-րդ հոդվածի, ՀՀ ում բարձրագույն արժեքը մարդն է, այլ ոչ թե իրավունքի ուժը, իսկ Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Ի դեպ հարգարժան մտքի տիտաններ՝ Աննա Վարդապետյան և Ռուստամ Բադասյան, սահմանադրության 3-րդ հոդվածը դա անփոփոխ հոդված է և դրա տապալումը, այն է իրավական հարաբերություններում այդ նորմի գործունեության դադարեցումը իր մեջ առերևույթ պարունակում է սահմանադրական կարգի տապալման հանցակազմ։
Այլ կերպ ասած, եթե ձեր մտքի տիտանների իրավաբանության հետ աղերս չունեցող խորհուրդների արդյունքում Նիկոլը շարունակի Արտակ Դավթյանին ԳՇ պաշտոնին նշանակելու գործնթացը, ապա նա կտապալի սահմանադրության 3-րդ անփոփոխ հոդվածը, դրանից բխող հետևանքներով։
Անրադառնամ նաև իմ հարգարժան կոլեգա՝ փաստաբանի հայտարարությանը։
Հարգելիս՝ դատավորի կողմից նախկինում Պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատելու փաստը ոչ մի աղերս չունի քաղաքականության, առավել ևս դատավորին քաղաքական որոշում կայացնելու մեջ մեղադրելու հետ։
Ինչ վերաբերվում է այն փաստարկին, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու առաջարկը ընդհատյա է միայն սահմանադրական դատարանին և վարչականը այն վարույթ ընդունելու իրավուք չունենալու մասին մեր հարգարժան կոլեգայի պնդումին, ապա վերջինիս խորհուրդ կտամ ծանոթանալ ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածին, ըստ որի սահմանադրական դատարանում կարող է վիճարկվել օրենքների համապատասխանության հարցը սահմանադրությանը, իսկ վարչապետի առաջարկությունը ինչպես գիտեք օրենք չէ, որ դրա սահմանադրականությունը վիճարկվի։
Ինչևէ արձանագրենք, որ Նիկոլի փայլուն կադրերը կրկին անգամ հոյակապ խաղացին Տրոյական ձիու իրենց դերը, արդյունքը՝ ԳՇ պետը վերականգնվեց, իսկ Նիկոլը առերևույթ կանգնած է սահմանադրական տապալման եզրին։

Արտակ Գալստյան

Ձեզ կհետաքրքրի...