Կոնֆլիկտ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի միջև

Dashnakner

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու ՀՅԴ բյուրոյի միջև տևական ժամանակ կոնֆլիկտ կա։ Խնդիրը սկսվել է անցյալ տարեվերջից, երբ բյուրոն որոշել է Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն ձևավորել ոչ թե ընտրությունների, այլ բյուրոյի նշանակումների միջոցով։ Մարտի 8-ին ՀՅԴ Բյուրոն նույնիսկ որոշեց Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի մի շարք հայտնի ՀՅԴ-ականների արտաքսել կուսակցությունից։ 
Ըստ Բյուրոյի հաղորդագրության՝ «կուսակցական պատասխանատու պաշտոններ ստանձնած մի խմբակ, փառատենչությամբ  տարված, որոշ այլ մոլորյալների հետ ՀՅԴ կազմակերպական կանոնները թյուր ու կամայական են ներկայացրել՝ խախտելով դաշնակցականի երդումը։ ՀՅԴ Բյուրոն արևմտյան թևի կենտրոնական կոմիտեի անդամներին մեղադրել է ապօրինի ժողով գումարելու ու ապօրինի ընտրված մարմիններ ձևավորելու համար: Հայտարարությունից նաև պարզ է դառնում, որ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն ու ՀՅԴ-ից վտարվածներն արտաքսվելուն զուգահեռ, լինելով ՀՅԴ պաշտոնական ներկայացուցիչներ, շարունակում են տնօրինել կուսակցական բանկային հաշիվները, շարժական ու անշարժ գույքերը, նաև վերահսկողություն ունեն «Ասպարեզ» օրաթերթի նկատմամբ։ 
Արտաքսվածների ցանկում են Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամներ Ավետիք Իզմիրլյանը, Կարմեն Օհանյանը, Լևոն Կիրակոսյանն ու Կարո Իսբենճյանը։ Մարտի 11-ին Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն ՀՅԴ բյուրոյի իրականացրած քայլերին պատասխան հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ՀՅԴ բյուրոն նպատակ ունի ճնշել Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ազատ ձևավորումը՝ պարտադրելով ոչ թե ընտրելու միջոցով ձևավորված կոմիտե, այլ նշանակված։ «Անհասկանալի և կանոնագրին հակասող քայլով ՀՅԴ Բյուրոն կասեցրեց Արևմտյան Ամերիկայի Շրջանային ժողովը և նշանակեց Կենտրոնական կոմիտե՝ խախտելով շարքայինների՝ ընտրելու իրավունքը և ոտնակոխելով ժողովրդավարության հիմնական արժեքը, որի կրողը եղել է ու պետք է լինի Դաշնակցությունը: Այս իսկ պատճառով և ի հեճուկս Բյուրոյի՝ արգելակելու փորձերի և այլ ելք չգտնելով՝ Շրջանի կազմակերպական միավորների պատգամավորները կազմակերպական կարգ ու կանոնը հարգելով՝ գումարեցին Շրջանային ժողով և ընտրեցին Կենտրոնական կոմիտե: Այս քայլը վայելում է ոչ միայն ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի, այլ նաև նման քայլերի թիրախ դարձած այլ շրջանների դաշնակցականների լայն զանգվածի աջակցությունը»,- ասված էր Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հայտարարությունում։ 
Բանկային հաշվի, շարժական ու անշարժ գույքի՝ բյուրոյի բարձրացրած հարցին ի պատասխան, կենտրոնական կոմիտեն այն որպես «զավթում» ներկայացնելը որակել է որպես անհեթեթ ու դատապարտելի հերյուրանք, իսկ կենտրոնական կոմիտեի կազմավորումը ոչ թե ընտրությունների, այլ նշանակման միջոցով՝ անթույլատրելի։ 
Ներկայում Արևմտյան Ամերիկայում գործում է երկու կենտրոնական կոմիտե, որոնցից մեկն ընտրված է, իսկ երկրորդը, որ հիմնվել է դեկտեմբերին, նշանակված բյուրոյի կողմից։ Ընտրված կենտրոնական կոմիտեն շարունակում է տնօրինել մեծ ֆինանսներ և դրանք ուղղել ԱՄՆ-ում հայկական կրթամշակութային հաստատություններին ու ծրագրերին։ 
Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 100-ամյակի առթիվ Ֆրեզնոյում Թեհլիրյանի հուշարձանի մոտ երկու կոմիտեներն էլ ծաղիկ էին խոնարհել ու միջոցառում ունեցել։ Ընտրված կոմիտեի միջոցառումն ավելի մեծաքանակ էր։ 
2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում էր կայացել նաև Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ նրանց, ովքեր բյուրոյի որոշմամբ արտաքսվել են։ 
Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...