Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի տարածքում. մերկասառույցի պատճառով բախվել են 10-ից ավել ավտոմեքենաներ.
Այսօր՝ մարտի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Հրազդանի ճանշինի կողմից սպասարկվող տարածքում բախվել են Lexus, Toyota Land Cruiser, Mitsubishi Pajero io, Opel, УАЗ, ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին: Վթարի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ 5-6 ավտոմեքենաներ էլ սառած ճանապարհի պատճառով վթարի են ենթարկվել, սակայն չսպասելով ԱՊՊԱ-ին, վարորդներն իրար հետ լեզու գտան և մեքենաները տեղափոխեցին: Նրանք նշում էին նաև, որ ավտովթարների պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ Հրազդանի ճանշինը ցուցաբերել է անպատասխանատու մոտեցում իր գործին, չեն կատարել աղ ու ավազի լցման ոչ մի աշխատանք, չեն մշակել ճանապարհը, ինչի համար էլ վթարներ են տեղի ունեցել: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Արթուր Մինասյանը, որոց կողմից վթարների փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: