Կորած պայմանագրային զինծառայողներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել կորած պայմանագրային զինծառայողների վերաբերյալ:
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և Ա.Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։
Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ։ Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար»,- ասված է հայտարարությունում։