Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու քարով բարձված ЗИЛ-ը. վերջինս կողաշրջվել է, քարերը մասամբ փակել են ճանապարհը. կա 4 վիրավոր
Մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են 37-ամյա Արման Թադևոսյանի վարած ЗИЛ 130 մակնիշի և 55-ամյա Մերուժան Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ի վարորդ Ա. Թադևոսյանը, Mercedes-ի ուղևորներ, 13-ամյա Ա.Ա.-ն, 19-ամյա Ա. Ա.-ն, 19-ամյա Ա. Ք.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ЗИЛ 130-ը, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է և քարերը լցվել են ճանապարհին: Քաղաքացիները քարերը հեռացրել են ճանապարհից, իսկ այդ ընթացքում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի խցանում տեղի չուենենա: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com