ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրող է ծեծում կամ դա գովաբանում է. Ալեն Սիմոնյան

Simnyan

 ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի արձագանքը լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ սխալ է համարում, սակայն հորդորում է զուգահեռներ չանցկացնել նախկին իշխանության ներկայացուցիչների վարվելակերպի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքին:

Ուրիխանյանը հիշեցրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի և լրագրողի միջև միջադեպի մասին: «Եվ դրանից հետո նախարարը սեփական թիմից որևէ մի դատապարտող դիրքորոշման չարժանանա՞, բացարձակապես յուրահատուկ իրավիճակ է»,-նշեց նա ու հորդորեց լրագրողներին զգույշ լինել:  

Ալեն Սիմոնյանը հիշեցրեց. «Շատ բարձր մակարդակով քննադատվել է, ես նույնպես այդ մասին խոսել եմ և հիմա էլ եմ ասում, որ բռնությունը՝ մասնավորապես լրագրողների նկատմամբ, անընդունելի է: Իսկ այն փորձը, որն արվում է՝ ներկայացնելու, զուգահեռներ անցկացնելու նախկին իշխանության ներկայացուցիչների վարվելակերպի հետ, անհաջողության է մատնվելու: Այո, իմ գործընկերոջ արձագանքը շատ սխալ էր, բայց միևնույն ժամանակ այդ փորձերը չեն ստացվելու»:

Նա հորդորեց նախընտրական դիվիդենտ շահելու համար իր գործընկերներին չփորձել պախարակել և դրա համար չփորձել օգտագործել լրագրողական համայնքը:

«ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրող է ծեծում կամ բռնություն է գործադրում կամ դա գովաբանում է»,-նշեց ԱԺ փոխնախագահն ու հորդորեց չշահարկել:

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Դեպքի առնչությամբ լրագրող Փայլակ Ֆահրադյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ սրճարաններից մեկում տեսել է նախարար Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում, Արշակյանը պատասխանել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Ըստ լրագրողի՝ դրանից հետո նախարարը խնդրել է անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: 

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝  նյութեր նախապատրաստելու համար։ Միջադեպին անդրադարձել է նաև նախարարը:

Ձեզ կհետաքրքրի...