Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ օրենքը

Orenq
 Կառավարությունում շուրջ 7 տարի տևած երկարատև աշխատանքի և խորհրդարանում այդ թեմայով 5 խորհրդարանական լսումների, տարբեր շահառու խմբերի հետ ունեցած քննարկումների և մեր հանձնաժողովի ու խորհրդարանի ընդլայնված 3 նիստերում ակտիվ քննարկումներ իրականացնելուց հետո, այսօր ՀՀ ԱԺ 7-րդ գումարման Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ օրենքը։
Այս օրենքի նախագիծը շատ լավ օրինակ է՝ նախկին և գործող իշխանությունների համգործակցության։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Վաչե Գաբրիելյանին, Ռոբերտ Սուքիասյանին, Մարինե Հակոբյանին, Սամվել Կարաբեկյանին, բոլոր գործող և պաշտոնաթող ռեկտորներին, ինչու ոչ նաև մեր ընդդիմադիր գործընկերներին, ովքեր, քաղաքական դրդապատճառներից ելնելով, դեմ քվեարկեցին օրենքի նախագծին, բայց, այնուամենայնիվ, որշակիորեն խթանեցին օրենքի լավարկումը։
Խոշոր առումով, այն նպաստավոր է կրթության և գիտության միջոցով երկրի զարգացման, տնտեսության ու հարակից ոլորտների մրցունակության բարձրացման և ամենակարևոր շահառուների՝ ուսանողների և գիտնականների համար։ Փորձենք անդադառնել մի քանի հիմնարար փոփոխությունների.
1. Նախ՝ բարձրագույն կրթության և գիտության միասնական օրենսդրությունը կարող է նպաստել բուհի և գիտական կազմակերպությունների համագործակցության մեծացմանը, ստեղծված գիտական արդյունքների ներդրմանը և ինտեգրմանը.
2. Ներկայիս գիտական կազմակերպությունները կարող են իրենց որոշմամբ շարունակել գործել որպես ինքնուրույն միավոր, որպես բուհական համակարգի ինքնուրույն միավոր և որպես Գիտությունների ազգային ակադեմիայի ցանցի միավոր,
3. Գիտական երկու աստիճանակարգությունը (գիտության թեկնածու և գիտության դեկտոր) բերվել է միաստիճան՝ գիտության դեկտոր (PhD) համակարգի, որն ապահովում է գիտական կոչումների միջազգային միասնականությունը և խթանում բուհ, գիտական կազմակերպություն գնացող դոկտորի զարգացման և անհատական տվյալներ կուտակելու իրական հնարավորությունները։ Դոկտորը մոտիվացված կլինի բուհում հասնելու պրոֆեսորի պաշտոնի։
4. Էականորեն նպաստավոր պայմաններ են ստեղծված ուսանողների որակյալ կրթություն ստանալու և գիտահետազոտական գործունեություն իրականացնելու համար։ Մասնավորապես, ուսանողը կարող է.
• ընտրել իր կրթության ձևն ու ժամանակացույցը՝ լրիվ և մասնակի բեռնվածությամբ ծրագրերի միջոցով,
• ունենալու կրեդիտները կուտակելու այլընտրանքներ՝ անկախ ուսումնական հաստատությունից, դրա գտնվելու վայրից և կրթության ձևից, մասնակցել կրթական ծրագին, մոդուլին և ստանալ անհրաժեշտ կամ հավելյալ կրեդիտներ,
• ստանալ որակավորում շնորհող երկրորդ մասնագիտություն կամ որակավորում չշնորհող լրացուցիչ կրեդիտներ,
• ստանալ կրթաթոշակ, ուսանողական նպաստ կամ այլ ձևով ֆինանսական աջակցության,
• ստեղծել, անդամակցել կամ ընդգրկվել տարբեր ուսանողական միավորումների, կառույցների մեջ՝ նախաձեռնություններով ու աջակցության ծրագրերով հանդես գալու համար,
5. Ներդրվել է կանխատեսված, հրապարակային, միասնական, առավելագույն արդյունքի վրա հիմնված ճկուն ընդունելության համակարգ, համաձայն որի՝
• ընդունելությունից 3 տարի առաջ պետությունը հայտարարում է գերակա և պետական աջակցության ենթակա ոլորտները,
• բուհերը ընդունելությունից երկու տարի առաջ հայտարարում են միասնական քննության ենթակա հանրակրթական առարկաների ցանկը և ընդունելության պայմանները, այդ թվում՝ ներքին (արվեստի, ճարտարագիտության և սպորտի ոլորտների դեպքում) և լրացուցիչ (պետության մասնակցությամբ և մասնավոր բուհերի դեպքում) քննությունները,
• պետական կրթաթոշակի ենթակա կրթական ծրագրերի դիմորդների փոխհատուցումը կատարվելու է մրցույթի մասնակիցների առավելագույն միավորների հիման վրա։ Գերակա է ճանաչվում դիմորդի գիտելիքը, որին տրվելու է հնարավորություն ընտրելու իր բուհը և ֆինանսավորումն ուղղել ամենաբարձր միավորներ ստացած ուսանողին։
• բուհը ազատ է որոշելու որոշակի կրթական ծրագրով իր ընդունելության և ավարտի ժամկետները։
6. Ներդրվել է կրթական ծրագրերը լրիվ և մասնակի բեռնվածությամբ կազմակերպելու համակարգը, որով բուհը կարող է առաջարկել ճկուն ժամանակացույց, իսկ ուսանողը՝ ընտրել իր ուսումնառության տեմպը. 1-ին մակարդակում՝ 3+3 տարի, 2-րդ մակարդակում՝ 1+3 տարի, 3-րդ մակարդակում (դոկտորի)՝ առնվազն 3 տարի։ Սա հնարավորություն կտա ուսանողներին կրթությանը զուգահեռ աշխատել, զբաղվել գիտական հետազոտություններով, իրենց փորձը բերել կրթության ոլորտ և այլն։ Ըստ էության, սա փոխարինում է կրթության կազմակերպման հեռակա, հեռավար և էքստերն ձևերին, որոնք միայնակ երբեք չգործեցին և չարդարցվեցին։
7. Ներդրվելու է բուհերում ակադեմիական գրագրության կենտրոններ գործարկելու պայմանը, որը կարող է խթանել ակադեմիական հայոց լեզվի բառաֆոնդի ձևավորմանն ու ուսուցմանը, ինչպես նաև ակադեմիական օտար լեզվի նույնականացմանը, զարգացմանը։
8. Ներդրվել է համատեղ կրթական ծրագիր իրականացնելու իրավունքը, որը բուհերին և գիտական կազմակերպություններին հնարավորություն կտա ակտիվացնել միջազգային համագործակցության, փոխադարձ զարգացման և փոխճանաչման մեխանիզմները, կադրերի փոխանակման դեպքերը,
9. Ներդրվել է բարձրագույն կրթության ֆինասնավորման երեք մեխանիզմ.
• Ինստիտուցիոնալ ֆինանսավորում․ հանրային բուհի ենթակառուցվածքների զարգացման և կրթության որակի բարելավման համար՝ անկախ կրթաթոշակի և նպաստի հատկացումից,
• Մրցակցային ֆինանսավորում․ լրացուցիչ աջակցություն բուհի զարգացմանն ուղղված նորարական-նպատակային ծրագրերի համար,
• Նպատակային ֆինանսավորում. պետության կողմից կոնկրետ միջոցառումներ իրականացնելու համար։
10. Ուսանողին պետական ֆինանսավորման ձևը նույնպես երեքն է.
• Ուսման վարձի փոխհատուցումը նպաստի ձևով) փոխարինվել է երկու մեխանիզմով՝ պետական կրթաթոշակով, որը տրվելու է ուսանողին՝ բարձր առաջադիմության և ուսումնական հաջողությունների համար,
• ուսանողական նպաստով, որը տրվելու է սոցիալական խոցելի խմբերին՝ անկախ նրա կրթական ցուցանիշներից,
• ուսանողական ֆինանսական խրախուսումով, որը ուսուցման հետ կապված այլ ծախսերի կամ ակադեմիական և հետազոտական ձեռքբերումների համար տրվում է լավագույն ուսանողներին։
11. Ներդրվել է միասնական տեղեկատվական համակարգը, որի արդյունքում բուհերում առկա ակադեմիական, մասնագիտական և նյութական ռեսուրսները հնարավոր կլինի օգտագործել ավելի արդյունավետ ու նպատակային, հասնել մրցունակ ծրագրերի, խթանել բարձրակարգ կադրերի ընդգրկվածության մեծացումը դեպի աշխատաշուկա և գիտություն։
12. Ներդրվում է հոգաբարձուների խորհրդի ձևավորման նոր մեխանիզմ, որի արդունքում բարձրացել է պետության և տվյալ բուհի շրջաննավարտների համար գործատու հանդիսացող կողմի պատասխանատվությունը՝ բուհերի զարգացման համար։

Ձեզ կհետաքրքրի...