ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացման արձանագրության վավերացումը

Voghjunel e

 Եվրամիությունը ողջունել է Հայաստանի կողմից 1989 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության վավերացման փաստը: Հայաստանը դարձել է արձանագրությունը վավերացրած 89-րդ երկիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԵՄ խոսնակի հայտարարության մեջ:

«Թեպետ ՀՀ Սահմանադրությունն արդեն պաշտպանում էր կյանքի իրավունքն ու արգելում մահապատիժը, Հայաստանն այդ (խմբ.- մահապատժի) վերացումն անշրջելի է դարձնում այս արձանագրությանը միանալով: Եվրամիությունը ողջունում է այս կարևոր որոշումը, որը համահունչ է ամենաանմարդկային և դաժան պատժից հրաժարվելու համաշխարհային միտմանը»,- նշվում է ԵՄ խոսնակի հայտարարության մեջ:
Հայաստանի կառավարությունը 2019 թվականի սեպտեմբերի 5-ին հավանություն էր տվել «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը: Համապատասխան օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել էր 2021 թվականի հունվարի 19-ին, ուժի մեջ էր մտել փետրվարի 10-ին՝ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրվելու հաջորդ օրը:

Մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությամբ ամրագրվում է, որ արձանագրության կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի, և յուրաքանչյուր կողմ պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար:

Ձեզ կհետաքրքրի...