Երևանաբնակ 34-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին տրամադրված օգնություն-գումարներից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար

yuracum

Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին որպես օգնություն ուղարկված գումարներից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում, ի թիվս այլ հանգամանքների, պարզվել է նաև հանցագործության կատարման եղանակը, ինչի արդյունքում  մեղադրանք է առաջադրվել երևանաբնակ Արաքսյա Հովհաննեսյանին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհի՝ 34-ամյա Արաքսյա Հովհաննեսյանը,  տեղեկանալով, որ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի, Կուսա քաղաքում բնակվող Նինա Աճեմյանը Ադրբեջանի կողմից սանձազերձված պատերազմի հետևանքով վիրավորված զինվորներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով դրամահավաք է կազմակերպել, կապ է հաստատել վերջինիս հետ և  առաջարկել նրա կողմից հավաքված գումարները փոխանցել իրեն, որպեսզի ինքն անձամբ փոխանցի բժշկական հաստատություններում բուժօգնություն ստացող և ֆինանսական կարիք ունեցող կոնկրետ զինվորների:

Ստանալով Նինա Աճեմյանի համաձայնությունը՝ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արաքսյա Հովհաննեսյանը պետք է անձամբ այցելի բժշկական հաստատություններ, լուսանկարի վիրավորում ստացած զինվորներին, նկարները, ինչպես նաև զինվորների կենսագրական տվյալներն ուղարկի ՌԴ, որպեսզի օգնությունը նախաձեռնած Նինա Աճեմյանը իր ինստագրամյան էջով զինվորների համար կազմակերպի դրամահավաք և հավաքված գումարը փոխանցի Արաքսյա Հովհաննեսյանին: Վերջինս, իր հերթին, ըստ պայմանավորվածության, պետք է տրամադրի կոնկրետ գումար կոնկրետ զինվորին, միաժամանակ գումարի տրամադրման պահը պետք է տեսանկարահանի և տեսանյութն ուղարկի դրամահավաքը կազմակերպած անձին:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արաքսյա Հովհաննեսյանի  կողմից ՌԴ-ում բնակվող Նինա Աճեմյանին են ուղարկվել փաստացի բուժօգնություն ստացող մի շարք զինվորների լուսանկարներ, որոնք համացանցում տեղադրելու միջոցով կազմակերպվել է դրամահավաք և ստացված գումարները,  կոնկրետ հինգ զինծառայողի անվամբ,  յուրաքանչյուրին 200.000-ական ՌԴ ռուբլի տրամադրելու պայմանով, ուղարկվել է Արաքսյա Հովհաննեսյանին:

Քննության տվյալներով, սակայն, վերջինս, ստանալով հիշյալ գումարները և փաստացի իրեն վերապահվելով վստահված գույքն առաքելու և  տիրապետելու  լիազորություն, օգտվելով դրանից, շահադիտական նպատակներով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, վիրավորում ստացած զինվորներին փոխանցված գումարների մի մասը հափշտակելով յուրացրել է:

Այսպես՝ փոխանցված 200.000-ական ՌԴ ռուբլի գումարներից վերջինս  ՀՀ դրամով փոխարկել է 150.000 ՌԴ ռուբլին, ստացել 982.500 ՀՀ դրամ գումար, որից 150.000 ՀՀ դրամ գումարը տեղադրել է մի ծրարի մեջ, մյուս 50.000 ՌԴ ռուբլին մեկ այլ ծրարի մեջ և դրանք առանձին-առանձին տրամադրել կոնկրետ հասցեատերերին, տեսանկարահանել գումարի տրամադրման պահը, որի ընթացքում ծրարները փոխանցելուց հայտարարել է, որ առաջինի մեջ առկա է 50.000 ՌԴ ռուբլի, իսկ երկրորդ ծրարը փոխանցելուց հայտարարել է, որ փոխանցվում է 150.000 գումար՝ չխոսելով կոնկրետ արտարժույթի մասին և դիտավորյալ լռելով կոնկրետ արտարժույթի մասին հայտարարություն անելուց՝ մոլորեցրել է ռուսաստանաբնակ կնոջը և վերջինիս գումարներ ուղարկող անձանց, կեղծ պատրանք ստեղծել, որ փոխանցում է ամբողջ գումարը և իր գործողություններով իբր հիմնավորել վերջիններիս հանձնված գումարը նպատակային նշանակության օգտագործելու հանգամանքը՝ այդ կերպ յուրացման եղանակով հափշտակելով ընդհանուր՝ 3.998.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքսյա Հովհաննեսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Ա.Հովհաննեսյանի գործողություններից  տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր, հնարավոր է, տուժել են նրա գործողություններից, խնդրում ենք դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին կամ զանգահարել (010)39-39-33, (010)38-02-35  հեռախոսահամարներով: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

 

Ձեզ կհետաքրքրի...