Երևանի «գաի»-ն իրականացրել է «Սիբիրյան մառոզը Երևանում չի անցնի» օպերացիան. «Սիբիրսկի Գագոն» իր «յաշիկով» տեղափոխվեց «գաի պլաշչադկա».

sarnamaniq

 SHAMSHYAN.com-ը մարտի 14-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում, կրկեսի հարևանությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին։ Նշված վթարի վայրում Mercedes (յաշիկ) մակնիշի վարդագույն ավտոմեքենայի վարորդը, իրեն զգալով՝ ինչպես ձուկը՝ ջրում, չարամտորեն խախտում էր երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով առանց ամրագոտու, երբեմն էլ, իրեն դնելով «աս» վարորդի տեղ, «ճռռիկ-վռռիկ էր անում»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 26-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ ՃՈ 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ հայտնաբերվել է այդ «յաշիկն» ու յաշիկավարը և ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի «գաի պլաշչադկա»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Գագիկ Մ-ի վարորդական իրավունքի վկայականը եղել է ժամկետանց, ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, դիմապակին էլ եղել է թույլատրելիից ավելի մգեցված։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գագիկ Մ-ն իր շրջապատում հայտնի է «Սիբիրսկի Գագո» մականվամբ։  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:25-ի սահմաններում  Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ կրկեսի հարևանությամբ, բախվել էին Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Արման Հովհաննիսյանի վարած BMW X6 մակնիշի 20 CQ 020 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Կարապետ Մանուկյանի վարած  Mercedes մակնիշի  36 MՏ 226 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Կ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել Երևանի  ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների  ներկայացուցիչները:   Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ ծառայողները, BMW -ի վրայից համարանիշները հանել էին, և դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին, որ համարանիշները ավտոմեքենայից հանել էր դեպքի վայր ժամանած  Mercedes մակնիշի  վարդագույն յաշիկի վարորդը,  ով, երբ նկատել էր, որ դեպքի վայրում  նկարահանում է կատարվում, քթի տակ ինչ-որ անհոդաբաշխ (իր ուղեղին հասու) արտահայտություններ անելով՝ Սասնա էպոսի «բոզ նապաստակի» նման  ճողոպրել էր: 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Ձեզ կհետաքրքրի...