Եվ էդ իմաստով կարծում եմ ոչ միայն խորհրդանշական է, այլ նաեւ պատճառահետեւանքային ուղիղ կապով կապված, որ ՍԴ որոշումից մեկ օր առաջ հավաքվում են հինգ նախկին նախագահները. Հակոբ Բադալյան
ՍԴ որոշման մասին համառոտ: Գուցե նաեւ մի քիչ շտապ արձագանք, բայց գրում եմ, քանի որ այդ հանգամանքի մասին խոսել եմ դեռեւս այն ժամանակ, երբ մարտիմեկյան գործը սկսում էր նոր-նոր:
Ասել եմ տարբեր հարցազրույցների եւ նաեւ հոդվածների միջոցով, որ, եթե մենք բացահայտում ենք Մարտի 1, ապա պետք է բացահայտենք մի կողմից տասը սպանությունը կոնկրետ, մյուս կողմից՝ Հայաստանում մարտի 1-ի հանգեցրած համակարգը ամբողջությամբ, իր ամբողջ ընթացքով: Մարտի 1-ը Հայաստանի հետխորհրդային պատմության բարդ փազլի ընդամենը մի ողբերգական դրվագ է: Այսինքն, այդ գործի հանրային-պետական նշանակությունը չպետք է լիներ պարզապես Ռոբերտ Քոչարյանին բանտ նստացնելը:
Միաժամանակ, էստեղ էր նաեւ Քոչարյանի այսպես ասած «խոհանոցային կռվանը»՝ մենք բոլորս մոտ երեք տասնամյակ ըստ էության կառուցել ու բյուրեղացրել ենք մեկ համակարգ, ինչու՞ ես պետք է դրա համար հայտնվեն բանտում, իսկ մյուս երկու նախագահները, օրինակ՝ ոչ:
Եվ էդ իմաստով կարծում եմ ոչ միայն խորհրդանշական է, այլ նաեւ պատճառահետեւանքային ուղիղ կապով կապված, որ ՍԴ որոշումից մեկ օր առաջ հավաքվում են հինգ նախկին նախագահները: նախորդ գրառմանս մեջ ակնարկել էի, որ հանդիպումը կապված է մարտիմեկյան գործի հետ: Բայց նաեւ, ինչպես նշեցի, այդ գործն էլ հայկական հետխորհրդային պետականության փազլի մի դրվագն է ընդամենը: Փազլ, որն անկասկած հավաքվել ու հավաքվում է Հայաստանից դուրս:
Մեկ էլ մի բան՝ հիմա էլ ՍԴ որոշումից չընկնեք ապոկալիպտիկայի գիրկը եւ զգայականության գիրկը: Չմոռանաք, Հայաստանի եւ Արցախի դեմ ուղիղ պատերազմ է եղել, որից հետո անգամ մենք պետք է չընկնենք ապոկալիպտիկ տրամադրությունների եւ հուսահատության մեջ: Դա մեզ արգելել են հայկական պետականության համար կյանք տված մեր տղերքը: Նրանք էդ դաժան պատերազմին տալով կյանքը, ապրողներին արգելել են տապակվել ապոկալիպտիկայի մեջ:
Հայաստանի, ՀՀ քաղաքացու ոչ մի խնդիր ՍԴ որոշումից չի փոխվել ու չի փոխվում, այլ ընդամենը ավելի է ընդգծվում: Հայաստանի ինքնիշխան պետականության հեռանկարը ընկած է հանրության մտածողության խորքում: Էդտեղ է փոփոխությունը՝ քայլ առ քայլ, քար ծակող կաթիլի համառությամբ: Հետեւաբար էդտեղ է Հայաստանի իրական քաղաքականության դաշտը: Ով կարողանում է՝ աշխատում է էդ դաշտում, ով ոչ՝ թող ինքնամեկուսանա ապոկալիպտավիրուսի հետ: