Խաղաղությունը շատ ավելին է, քան պատերազմի բացակայությունը. իտալական թերթի տնօրենի արձագանքը Ադրբեջանի դեսպանի նամակին

Aviemoe

 «Հայ գերիների ազատման» հորդորով իմ երկրին ուղղված կոչի վերաբերյալ, որը «Avvenire»-ն տպագրեց հինգշաբթի, 2021 թ. մարտի 25-ին, շեշտում եմ, որ Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին Հայաստան, ինչպես համաձայնեցված էր 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հռչակագրում, որը վերջ դրեց բախումներին: Հայաստանի կառավարությունը փորձ կատարեց շփոթություն մտցնել այն համատեքստում, որ նոր ձերբակալություններ են իրականացվել: Հակամարտության ավարտից հետո Հայաստանը դիվերսիոն խումբ է ուղարկել Ադրբեջանի տարածք՝ նպատակ ունենալով իրականացնել ահաբեկչական գործողություններ: Այս խումբը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի զինվորականների և քաղաքացիական անձանց սպանության մեջ: Այս խմբի անդամները գերեվարվել են և ներկայումս գտնվում են Ադրբեջանում, բայց հաշվի առնելով վերոգրյալը, նրանք չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերիներ: Ամեն դեպքում, ձերբակալվածներին վերաբերվում են մարդու իրավունքների միջազգային օրենսդրությանը և նրանց իրավունքները պաշտպանող ադրբեջանական օրենսդրությանը համապատասխան: Ադրբեջանի կառավարությունը հրավիրում է Human Rights Watch-ին և թեմայով հետաքրքրվողներին ուշադրություն դարձնել Հայաստանի կողմից ադրբեջանցի ռազմագերիների և քաղաքացիական բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի վկայություններին»:

Մարկո Տարկինիոյի արձագանքը

«Ես ի գիտություն եմ ընդունում, պարոն դեսպան, Բաքվի կառավարության անունից արված հայտարարությունները՝ ի պատասխան այն մարդասիրական կոչի, որը մենք զետեղել ենք մեր էջերում, և որն Ադրբեջանի իշխանություններին ուղղել են իտալացի հայտնի մտավորականները՝ Անտոնիա Արսլանի գլխավորությամբ: Ես մասնավորապես ի գիտություն եմ ընդունում, որ դուք հաստատում եք ձեր երկրում հայ ձերբակալվածների՝ զինվորական և քաղաքացիական, շարունակական ներկայությունը՝ միաժամանակ նրանց որակելով որպես «ահաբեկիչներ»: Ես պարզապես հիշեցնեմ, որ կոչը, որ հիմնված է նաև Human Rights Watch-ի կողմից ստուգված տեղեկատվության և տեսանյութերի վրա, դատապարտում է «նվաստացուցիչ և անմարդկային» վերաբերմունքը և վերաբերում է տարբեր փուլերում և ժամանակներում ձերբակալված մոտ վաթսուն մարդու: Ես նաև հավաստիացնում եմ ձեզ, որ մենք հավասարության սկզբունքով և բծախնդիր ուշադրությամբ քննության ենք առնում մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած հաղորդում, որտեղ էլ որ դա պատահի: Եվ իմացեք, որ խաղաղությունը շատ ավելին է, քան պատերազմի բացակայությունը»:

Ձեզ կհետաքրքրի...