Ֆրանսիական Le Figaro-ն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին
Ֆրանսիական Le Figaro-ն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ սպասվող արտահեր խորհրդարանական ընտրություններին:
News.am-ի հաղորդմամբ՝ թերփը, մասնավորապես, գրել է. «Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է վերջ տան քաղաքական տուրբուլենտությանը, որը ցնցեց Հայաստանը՝ Ադրբեջանի հետ պատերազմում կրած ստորացուցիչ պարտությունից հետո:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը հայտարարեց ապրիլին հրաժարական տալու իր մտադրության և միևնույն ժամանակ վարչապետի պարտականություններն իրականացնելու մասին՝ մինչև հունիսին կայանալիք օրենսդիրի արտահերթ ընտրությունները, ինչը նոր ջանք է՝ սանձելու այս կովկասյան երկիրը ցնցող քաղաքական ճգնաժամը»:
Թերթը մեջբերել է Փաշինյանի խոսքերը, որ վերջինս հրաժարական է տալու արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, և եթե ընտրություններում նորից ստանա մանդատ, ապա «մենք կշարունակենք ձեզ ավելի լավ ծառայել, քան նախկինում, եթե ոչ, մենք իշխանությունը կփոխանցենք նրանց, ում ցանկանում եք»։
Թերթը նաեւ հավելում է. «Արտահերթ ընտրությունները նախանշված են հունիսի 20-ին: Շաբաթներ շարունակ Նիկոլ Փաշինյանը դիմադրում էր բողոքներին և իր հրաժարականի կոչերին: Նա չափազանց քննադատվում է, ընդդիմությունը նրան հայտարարում է «դավաճան» այն բանի համար, որ նոյեմբերին ստորագրել է իր երկրի համար շատ անբարենպաստ ռազմական գործողությունների դադարեցման պայմանագիր:
Այս զինադադարը բանակցվեց, երբ իրավիճակը աղետալի էր Հայաստանի համար, երբ այն անկյուն էր մղվել և ստիպված եղավ նահանջել մի քանի ճակատով՝ մինչ ադրբեջանական բանակը սպառնում էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքին:
2018թ-ին ժողովրդական հեղափոխության արդյունքում իշխանության եկած Փաշինյանը մեծացրեց զայրույթը փետրվարի վերջին՝ որոշելով պաշտոնանկ անել մի քանի բարձրաստիճան զինվորականների՝ մեղադրելով նրանց հեղաշրջում նախաձեռնելու ցանկության մեջ։
Իշխանությունն ու ընդդիմությունը, ի վերջո, համաձայնության եկան հունիսին ընտրությունների շուրջ, չնայած վերջինս կոչ արեց նոր բողոքի ակցիաներ անցկացնել կիրակի օրը։
Այդ համաձայնությունից հետո հանվեց ռազմական դրությունը, եւ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց վերացնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքները, ով Փաշինյանի քննադատն է»: