Իսլամիստները Մոզամբիկում գրավել են մի ամբողջ քաղաք և սպանել տասնյակ մարդկանց

Islamistner

Իսլամիստ ապստամբները գրավել են Մոզամբիկի հյուսիսում գտնվող Պալմա քաղաքը և այն իրենց հսկողության տակ են պահում ավելի քան հինգ օր՝ գրում է Associated Press-ը:

Մոտ 35 հազար բնակիչ կարողացել է փախչել քաղաքից, նրանց մի մասը ապաստանել է շրջակա բնակավայրերում, մյուս մասը՝ ջունգլիներում: Քաղաքում հսկողությունը վերականգնելու համար բանակը օգնություն է սպասում հարևան Հարավային Աֆրիկայից:

Հայտնի է, որ տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Նրանցից շատերը ենթարկվել են դաժան մահապատժի, մի մասը գլխատվել է: Անհայտ կորածների թվում կա 40-60 օտարերկրյա քաղաքացի:

Ըստ տեղեկությունների՝ ապստամբների հարձակման պատճառը քաղաքի մերձակայքում իրականացվող ֆրանսիական էներգետիկ նախագծի աշխատանքն է: Ֆրանսիական ազդեցության դեմ պայքարի պատրվակով իսլամիստներն ավելի քան երեք տարի ահաբեկում են տեղի բնակչությանը: Ինչպես նշում է France 24-ը, Պալմայի գրավման համար պատասխանատու խումբը 2019 թվականին հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»:

Մոզամբիկում իսլամիստների իրականացրած դաժան մահապատիժների մասին տեղեկություններ ստացվեցին մարտի սկզբին: Հայտնի դարձավ, որ նրանք կտրում են երեխաների գլուխները մայրերի աչքի առաջ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...